Կրթություն թերթի 11.10.2017թ. թիվ 41(806) համարում հրատարակվել է Բժշկահոգեբանամանկավարժական գնահատման (այժմ՝ Հանրապետական Մանկավարժահոգեբանական) կենտրոնի գործունեության տասնամյակին նվիրված հոդվածը:
Նվիրումի և ձեռքբերումների տարիներ
Լրացավ Բժշկահոգեբանամանկավարժական գնահատման (այժմ Հանրապետական Մանկավարժահոգեբանական) կենտրոնի գործունեության տասնամյակը:
ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի №5 հատուկ դպրոցը 2007 թվականին վերակազմակերպվեց որպես բժշկահոգեբանամանկավարժական գնահատման ծառայություններ մատուցող հաստատություն: Ձևավորվեց երիտասարդ, ստեղծագործող և գործին նվիրված աշխատակիցների բանակ, որը ջանք ու եռանդ չխնայեց կառույցի կայացման, ապա նաև ներառական կրթության կազմակերպման գործում կարևոր դերակատարում ունեցող կառույց դառնալու համար: Իր անցած ճանապարհին բազմաթիվ դժվարություններ հաղթահարած այս կառույցը, որը միակն էր հանրապետությունում, իրենց գործին նվիրված աշխատակիցների շնորհիվ այսօր հասել է մեծ հաջողությունների: Անցած 10 տարիների ընթացքում ողջ անձնակազմը անիվների վրա անցել է հանրապետության մի ծայրից մյուսը տարվա բոլոր եղանակներին՝ հաշվի չառնելով ո՛չ ցուրտը, ո՛չ շոգը, ո՛չ էլ հանրապետության դժվարանցանելի ճանապարհները:
Տարիների ընթացքում կենտրոնը համագործակցել է Կրթության և Գիտության նախարարության տեղական և հասարակական կազմակերպությունների հետ՝ ստանալով մշտական աջակցություն և պահպանելով լավագույն գործընկերային հարաբերությունները:
Միանշանակ է, որ միայն գնահատման գործընթացը չէր կարող լինել անձնակազմի գործունեության առարկան: Տարբեր թեմաներով վերապատրաստումներ, ներառական կրթության կազմակերպման մասնակիցներին խորհրդատվություններ, ծառայության մատուցման հիմնախնդիրներ, և այս ամենի արդյունքում համընդհանուր ներառական կրթության անցման օրենսդրական նախաձեռնության շրջանակներում 2017 թվականի հունվարի 12-ի ՀՀ կառավարության որոշման համաձայն «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» ՊՈԱԿ-ը ևս մեկ անգամ վերակազմավորվել է «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի:
Համոզված ենք, որ Մանկավարժահոգեբանական կենտրոնը այսուհետ ևս կշարունակի իրականացնել իր առաքելությունը և մարդասիրական գործունեությունը՝ արժանանալով հանրության և պետության բարձր գնահատանքին և խրախուսանքին: