2019թ. մայիսի 6-ին և 7-ին ՀՄԿ-ում տեղի ունեցավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից կազմակերպված «Հատուկ կրթություն» թեմայով երկօրյա աշխատաժողով, որը վարեց Ցյուրիխի մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Ջուդիթ Հոլլենվեգերը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՄԿ տնօրեն Լ.Ասրյանը, ով ողջունեց ներկա հյուրերին և բարձր գնահատեց համագործակցությունը ինչպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի, այնպես էլ բոլոր կազմակերպությունների և անհատ գործընկերների հետ, ովքեր տարիներ շարունակ աջակցել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործիքների մշակման և բարելավման աշխատանքներում: Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի դասախոս Քրիստինա Վալցերը բարձր գնահատեց ՀՄԿ գործունեությունը, համեմատական անցկացրեց երկու տարի առաջ կատարած իր այցի հետ և նշեց, որ հսկայական դրական տեղաշարժեր են կատարվել բովանդակային առումով, իրականացվում են համակարգված և նպատակային գործողություններ: Ջուդիթ Հոլլենվեգերն, ամփոփելով աշխատաժողովը, բարձր գնահատեց երկօրյա համատեղ աշխատանքները և պատրաստակամություն հայտնեց շարունակական խորհրդատվական աջակցություն ցուցաբերել՝ գործիքների վերանայման և վերամշակման ուղղությամբ:
Աշխատաժողովին մասնակցում էին ՀՄ կենտրոնի գնահատող և վերապատրաստող մասնագետներ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Ա.Պողոսյանը, ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը, ԿՏԱԿ-ի մասնագետ Հ.Դավեյանը, Հայկական պետական մանկավարժական և Երևանի պետական համալսարանների դասախոսներ, Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների տնօրեններ, Երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումների մշտադիտարկման և գնահատման հարցերով խորհրդատու Հ.Ղուկասյանը և այլոք: