«ԸՆԿԱԼՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ․ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ» ձեռնարկի ներկայացմանն էր նվիրված 2024թ․ օգոստոսի 29-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում անցկացված սեմինարը, որը վարում էր ՀՄԿ վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մեթոդիստ-վերապատրաստող Գայանե Հարությունյանը։
Ներառական կրթության համատեքստում միջանձնային հաղորդակցության և համայնքներին այդ գործընթացում ներգրավելու վերաբերյալ մանկավարժների վերապատրաստման այս ձեռնարկը մշակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կողմից, որի հայերեն լեզվով տեղայնացումն իրականացվել է ՀՄԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագետների համագործակցության արդյունքում։
Սեմինարավարը հանգամանալիորեն ներկայացրեց ձեռնարկը, անդրադարձավ նրանում ներառված թեմաներին, մասնավորապես՝
- ✦ ներառականության հիմնական հասկացություններին,
- ✦ միջանձնային հաղորդակցությանը,
- ✦ դպրոցներ և ինստիտուցիոնալ իշխանություն հարաբերություններին,
- ✦ դպրոցի տնօրենի կերպարին,
- ✦ բազմազան մշակույթներ կրող անձանց հետ աշխատանքին,
- ✦ դպրոցների և համայնքների հետ աշխատանքի առանձնահատկություններին, ուսուցչական կազմի՝ սեփական ուժերի նկատմամբ վստահությանը, նրանց վերաբերմունքին, համոզմունքներին ու նորմերին, որոնք միտված են աջակցելու յուրաքանչյուր երեխայի ներառմանը՝ անկախ նրա սոցիալական, կրոնական, մշակութային, տնտեսական, աշխարհագրական, էթնիկ ծագումից և հաշմանդամությունից։
Քննարկվեցին այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ օգնել ուսուցիչներին զարգացնել իրենց կարողությունները, հմտությունները և ինքնավստահությունը՝ դառնալու մշակութային առումով գիտակ մանկավարժներ, ովքեր կիրառում են ներառական պրակտիկա, համագործակցում բնակչության տարբեր շերտերի հետ և հանդես գալիս որպես ներառման ջատագովներ իրենց կրթական և սոցիալական համայնքներում:
Սեմինարի ընթացքում իրականացվեց նաև գործնական աշխատանք, որի ընթացքում մասնակիցները հարցաթերթերի ու այլ ինտերակտիվ մեթոդներով փորձեցին բացահայտել իրենց ներքին «ես»-ը, հասնել ինքնաճանաչման՝ հետագայում այդ պրակտիկան վերապատրաստումների ընթացքում կիրառելու նպատակով։
Ի դեպ, «ԸՆԿԱԼՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ․ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ» ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը հասանելի է մեր կայքում հետևյալ հղումով` https://bit.ly/3AWWamy
11.09.2024