Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում ընթացքի մեջ են սեմինարները, որոնց ընթացքում միջազգային տարբեր ծրագրերի մասնակցած ՀՄԿ մասնագետները գործընկերների հետ կիսվում են իրենց ձեռք բերած գիտելիքներով, այլ երկրների առաջավոր փորձով և տեղեկատվությամբ։
2024թ․ օգոստոսի 28-ին ՀՄԿ-ում անցկացվեց սեմինար-հանդիպում, որի ընթացքում ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը և Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի պետ Անի Գարեգինյանը գործընկերների հետ կիսվեցին «Պերկինս միջազգային» կազմակերպության հետ գործընկերության շրջանակում Խորվաթիայի «Մալի դոմ» համայնքային ծառայությունների կենտրոն կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռք բերված փորձով և տպավորություններով։
Մեր գործընկերները ՀՄԿ մասնագետներին ներկայացրեցին «Մալի դոմ» կենտրոնի գործունեության առանձնահատկությունները, որոնք վերաբերում էին անհատական և խմբային թերապիաներին, աշխատանքի մեջ ծնող-մանկավարժ վստահության շղթայի կառուցմանը, մասնագետների ու մասնագիտական կենտրոնների՝ տարբեր խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքին ու մոտեցումներին, նրանց՝ արդիական գործընթացների հոսքի մեջ լինելու, ինչպես նաև մասնագիտական գործունեության մեջ կոմպետենտության ու պատասխանատվության կարևորությանը։
Անդրադարձ կատարվեց «Մալի դոմ»-ում ուսուցումը արվեստի միջոցով կազմակերպելու միտումներին, ինչպես նաև բարդ և բազմակի խանգարումներ ունեցող երեխաների հետ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կիրառվող աջակցող սարքերին ու տեխնոլոգիաներին։
Առանձնահատուկ շեշտադրվեց այն, որ «Մալի դոմի» գործունեության և բոլոր գործընթացների առանցքում երեխայի լավագույն շահն է:
28.08.2024