2024թ․ հոկտեմբերի 3-4-ը Երևանում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարը՝ «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը ԱՊՀ մասնակից պետությունների կրթության զարգացման վրա» խորագրով: Համագումարին մասնակցում էին ԱՊՀ պետությունների շուրջ 120 ներկայացուցիչներ։
Համագումարի նպատակն է ԱՊՀ երկրների համագործակցության զարգացման միջոցով նպաստել կրթության ժամանակակից մոտեցումների և մեխանիզմների ապահովմանը, մշակութային ժառանգության փոխանցմանը և տարբեր ոլորտներում նորարար ձեռքբերումների յուրացմանը։
Համագումարին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարն իր ելույթում նշեց, որ Հայաստանի կրթության զարգացման ռազմավարական ծրագիրն ուղղված է մարդկային ներուժի ընդլայնմանը և մարդկային կապիտալի ինքնաիրացման զարգացմանը, ինչը ենթադրում է ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության բոլոր մակարդակների ու համակարգերի նկատմամբ ամբողջական վերափոխված մոտեցում։
Համագումարի մասնակիցներին փոխանցվեց ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևի ողջույնի խոսքը: Ներկաներին ողջունեցին նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը:
Պլենար֊քննարկման շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա․ Սվաջյանը ներկայացրեց Հայաստանում կրթության նոր չափանիշները, դրանցով սահմանված հիմնական ուղղությունները, նպատակներն ու վերջնարդյունքները, որոնք միտված են ապահովելու ավելի որակյալ և հասանելի կրթություն բոլոր մակարդակներում: Կրթության մատչելիության ապահովմանը, բոլոր երեխաների համար որակյալ և հասանելի կրթության հնարավորությունների ստեղծմանը միտված ծրագրերի մասին խոսելով՝ նա կարևորեց մասնավորապես համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրումը, որը թույլ է տալիս յուրաքանչյուր երեխայի՝ անկախ իր զարգացման մակարդակից, մտավոր, լեզվական կամ սոցիալական հնարավորություններից, ստանալ որակյալ կրթություն իր բնակության վայրի դպրոցում կամ մանկապարտեզում։
Համագումարի շրջանակում ելույթներով հանդես եկան նաև մասնակից պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների ղեկավարները՝ գոհունակություն արտահայտելով ընդունելության և արդյունավետ քննարկումների հնարավորության համար:
Համագումարի ընթացքում ԱՊՀ անդամ երկրների ուսուցիչները և կրթական ոլորտի աշխատողները պարգևատրվեցին «ԱՊՀ կրթության գերազանցություն» կրծքանշանով:
Փառատոնի շրջանակում անցկացվեց կրթական նորարարությունների և տեխնոլոգիաների ցուցահանդես, որի ընթացքում ներկայացվեց նաև ՀՄԿ-ի գործունեությունը, մշակված և հրատարակված ուսումնամեթոդական ձեռնարկներն ու բովանդակային նյութերը, որոնք իրենց յուրօրինակությամբ և արդիական մոտեցումներով հետաքրքրեցին տարբեր երկրներից ժամանած մանկավարժներին։
Մանկավարժական վարպետության 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցան վարպետաց դասեր, որին մասնակցում էին նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետներ՝ մանկավարժահոգեբանական աջակցության բաժնի սոցիալական մանկավարժ Էլիզա Քեոշկարյանը և հոգեբան Արմինե Ավագյանը։
Է․ Քեոշկարյանը «Սոցիալական մանկավարժի պրակտիկայի կազմակերպում» թեմայով զեկույցով ներկայացրեց իր հեղինակային մեթոդաբանությունը՝ անդրադառնալով սոցիալական մանկավարժի պրակտիկայի կազմակերպման ձևերին ու եղանակներին, իսկ Ա․ Ավագյանը խոսեց «Մանկական վախերի» մասին՝ ներկայացնելով դրանք հաղթահարելու իր մշակած մեթոդաբանությունը։
Մանկավարժական վարպետության 3-րդ միջազգային փառատոնը ամփոփվեց մասնակիցների պարգևատրման արարողությամբ, որի շրջանակում ՀՄԿ մասնագետներ Էլիզա Քեոշկարյանը և Արմինե Ավագյանը արժանացան պատվոգրերի:
04.10.2024