Աշխատանքային այցով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
2025թ․ մայիսի 15-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային կլոր սեղան-հանդիպում ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենների և ՀՄԿ անձնակազմի հետ։
Ողջունելով ներկաներին՝ Ա․ Սվաջյանը ներկայացրեց կրթության ոլորտում իրականացվող գործընթացները և մարտահրավերները։ Այս համատեքստում նա անդրադարձավ ՏՄԱԿ-ների գործունեությանը, ներառական կրթության կազմակերպման ընթացքում ի հայտ եկող խնդիրներին ու դրանց լուծումներին։
Նախարարի տեղակալն իր մտահոգությունը հայտնեց դպրոցներում առկա բռնության դեպքերի ավելացմամբ պայմանավորված։ Նա կարևորեց բռնության կանխարգելման և հաղթահարման գործում ՏՄԱԿ-ների ներգրավվածությունը՝ մանկավարժների, ծնողական համայնքի, սովորողների իրազեկության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և բռնությունից զերծ ուսումնական միջավայրի ապահովման տեսանկյունից։ Նա խոսեց նաև դպրոցների անվտանգության ստանդարտների մշակման և այդ ուղղությամբ նախանշված գործընթացների մասին։
Անդրադարձ կատարվեց ՏՄԱԿ-ների կողմից իրականացվող աշխատանքների ծավալներին, դրանցով պայմանավորված խնդիրներին և հանդիպող խոչընդոտներին, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող աշխատանքային ծավալների և ռեսուրսների համապատասխանության վերաբերյալ վերլուծություններին։ Ընդգծվեց ուսումնական հաստատություններում մատչելի ֆիզիկական միջավայրի և խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտությունը սովորողների լիարժեք ինտեգրման և կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման առումով։
Տիկին Սվաջյանը խոսեց նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող «Ռեսուրս-դասարան» փորձարարական նախագծի մասին՝ շեշտելով ծրագրի արդյունավետությունը և Հայաստանի այլ դպրոցներում նրա ընդլայման հնարավորությունները։ Նա դիտարկեց նաև ծնողավարման հմտությունների հետ կապված մարտահրավերները․«Ծնողները ամենակարևոր օղակն են այս գործընթացում, և ծնողավարման լուրջ խնդիր ունենք, ընդ որում, ոչ միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այլև բոլոր երեխաների ծնողների առնչությամբ»։
Խոսվեց նաև ներառական կրթության ոլորտում նախատեսվող թվայնացման գործընթացների մասին։ Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ այս տարի առաջին անգամ գործելու է համապատասխան կարգավորումը, որի համաձայն՝ 6 տարեկանից բարձր երեխան պետք է հաճախի իր տարիքին համապատասխան դասարան: Բացառություն կկազմեն միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն երեխաները, որոնք ունեն մտավոր զարգացման խնդիրներ՝ հատկապես ծանր և խորը արտահայտված: «Եթե, օրինակ, վերոնշյալ խմբի 7 տարեկան երեխան դպրոց չի հաճախել, ապա նա տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում կանցնի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում, և համապատասխան եզրակացության առկայության դեպքում դպրոցը հնարավորություն կունենա նրան գրանցել առաջին դասարանում․նրանց ծնողները պետք է պարզապես մոտենան դպրոց և դիմում գրեն»։ Առաջիկա ուսումնական տարին պլանավորելիս կքննարկվի նաև վերոնշյալ փոփոխությունների իրականացման ժամանակացույցը։
Ա․ Սվաջյանն ընդգծեց ՏՄԱԿ-ների և դպրոցների մանկավարժահոգեբանական աջակցության թիմերի համագործակցության կարևորությունը, որն ուղղված է մանկավարժահոգեբանական ծառայությունների ապահովմանը երեխաների կրթության իրացման և սոցիալականացման գործընթացում։
ՏՄԱԿ-ների տնօրենները բարձրաձայնեցին իրենց մտահոգող հարցերը, հանդես եկան իրավիճակից բխող առաջարկություններով։
15․05.2025