2024թ․ ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփմանն էր միտված դեկտեմբերի 19-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցած տարեվերջյան ամփոփիչ աշխատանքային հանդիպումը ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենների և ՀՄԿ անձնակազմի մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրի համակարգող Հասմիկ Առաքելյանը։
Ողջունելով ներկաներին՝ տիկին Մուրադյանը խոսեց համընդհանուր ներառականության մի շարք առանցքային խնդիրների մասին՝ առանձնահատուկ շեշտադրելով բոլոր երեխաներին դասարանային գործընթացների մեջ ներգրավելու, ֆիզիկական միջավայրի մատչելիության և խելամիտ հարմարեցումների ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները, կարևորելով դպրոցների ու ՏՄԱԿ-ների անելիքների հստակեցումը և գործընկերային ճիշտ հարաբերությունների կառուցումը։
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը ամփոփ անդրադարձավ 2024թ․ հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում ՀՄԿ-ի և ՏՄԱԿ-ների կողմից իրականացված աշխատանքներին՝ զուգահեռներ անցկացնելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրականացված աշխատանքների հետ և օբյեկտիվորեն գնահատելով արձանագրված դրական դինամիկան։ Նա ի մի բերեց գնահատումների, վերապատրաստումների, խորհրդատվությունների, մշտադիտարկումների, բովանդակային մշակումների ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ ներկայացված քանակական և որակական ցուցանիշների դրական միտում արձանագրելով։ Տիկին Մնացականյանը կարևորեց նաև դպրոցներում հոգեբանի հաստիքի ներդրման և նրա աշխատանքային փաթեթի մշակման համատեքստում դպրոցների և ՏՄԱԿ-ների հոգեբանների միջև համագործակցությունն ու հաշվետվողականությունը, ինչպես նաև սովորողների՝ դասերին ներկայությանը չխոչընդոտելու, այս առումով նրանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու և տրամադրվող աջակցության կազմակերպման ճկուն մեխանիզմներ մշակելու մեխանիզմները։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Հ․ Առաքելյանը ներկայացրեց «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության համակարգի կատարելագործում» ծրագրի շրջանակներում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից մշակված և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆինանսական աջակցությամբ ստեղծված կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման նոր գործիքակազմը, որի աշխատանքային փաթեթները փոխանցվեցին ՏՄԱԿ-ների տնօրեններին՝ Գնահատման գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով։
ՏՄԱԿ-ների տնօրենները ներկայացրին իրենց կողմից իրականացված աշխատանքները, բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրների մասին։ Քննարկվեցին արդյունավետ լուծումների տարբերակներ, հստակեցվեցին հաջորդ տարվա համար նախատեսվող աշխատանքների բնույթն ու ծավալները։
22.12.2024