Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառող դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակներում 2025թ․նոյեմբերի 28-ին մեկնարկեց քառօրյա վերապատրաստման դասընթաց ծրագրի մենթորների և մշտադիտարկողների առաջին խմբի համար։
Վերապատրաստման հիմքում Ծրագրի բովանդակության փոփոխությունն էր, որը մեկնարկելու է 2026թ-ից։ Նպատակն էր արդիականացնել և կատարելագործել մասնակիցների դասավանդման հմտությունները նոր փուլի արդյունավետ իրականացման համար։
Ողջունելով մասնակիցներին՝ ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը ներկայացրեց այս ուղղությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերը։ Նա կարևորեց դպրոցներում ուսուցիչների կարողությունների հզորացման ուղղությամբ իրականացվող գործողությունները՝ ընդգծելով համապատասխան հմտությունների ձևավորումը՝ որպես անվտանգ կրթական միջավայրի ապահովման գործոն։ Այդ համատեքստում նա շեշտեց նաև ուսումնական հաստատությունների ֆիզիկական միջավայրերի անվտանգության և մատչելիության, խելամիտ հարմարեցումների և այդ ուղղությամբ ուսուցիչներին համապատասխան տեղեկատվության փոխանցման անհրաժեշտությունը։
Վերապատրաստման դասընթացավարներն էին ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը, Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի պետ Ռուզաննա Մուրադյանը և ծրագրի համակարգող, ՀՄԿ մասնագետ Մարինա Հովհաննիսյանը, Նարինե Մեսրոպյանը և Աննա Ասլանյանը։ Բանախոսները վերապատրաստման մասնակիցներին ներկայացրին «Դպրոցում երեխաների պաշտպանության և անվտանգության ուղեցույց»-ի հիման վրա մշակված «Ապահով և անվտանգ կրթական միջավայր» թեմայով դասընթացը, «Երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացում» ձեռնարկում ներառված բովանդակային նյութն ու այդ ուղղությամբ սովորողների հետ աշխատելու գործիքակազմերը։
Դասընթացի հիմնական թեմաներն էին՝
- ✦ Հոգեբանական և ֆիզիկական անվտանգությունը դպրոցում
- ✦ Երեխաների պաշտպանության օրենսդրական հիմքերը և հաղորդման և ուղղորդման ընթացակարգեր
- ✦ Դպրոցներում բռնության (բուլինգի) կանխարգելման և արձագանքման հիմնական սկզբունքները
- ✦ Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը դպրոցում
- ✦ Ուսուցչի, հոգեբանի դերը և աշխատանքային գործիքակազմը երեխաների հոգեկան առողջության և հոգեսոցիալական հմտությունների զարգացման գործընթացում
- ✦ Սովորողների սոցիալ-հուզական ուսումնառության հմտություների ձևավորում
Դասընթացներն իրականացվեցին ինտերակտիվ դասավանդման սկզբունքով։ Վերապատրաստումների ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան հանդես գալ որպես դասընթացավարներ, ինչը դրական մոտիվացիա և գործնական փորձառություն էր դասընթացի նյութին ծանոթանալու և առաջարկվող հմտություններին տիրապետելու առումով։ Բոլոր մասնակիցներին տրամադրվեց հետադարձ կապ յուրաքանչյուր վերապատրաստողի հմտությունները բարելավելու նպատակով։
Անցկացվեցին տարբեր խաղ-վարժություններ «Անձնական աճի և զարգացման պլանավորում և քարտեզագրում» թեմայով, ներկայացվեց նաև «Արհեստական բանականության գործիքների կիրառման հնարավորությունները» թեման, որը շատ հետաքրքիր էր և արդիական։
Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր։
«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐԱՌՈՂ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ծրագիրն ուղղված է շարունակական մենթորական աջակցության միջոցով նպաստելու ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը դպրոցներում ապահով և անվտանգ միջավայր ստեղծելու, ինչպես նաև սովորողների հոգեսոցիալական տոկունությունը բարձրացնելու նպատակով։
17.12.2025


