2026թ․ հունվար-մարտ ամիսներին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մանկավարժահոգեբանական աջակցության բաժնի մասնագետների կողմից այլընտրանքային թերապիաների վարպետաց դասեր են իրականացվել Երևանի, Կոտայքի և Շիրակի մարզերի նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 420 մանկավարժական և վարչական աշխատողների համար։
Վարպետաց դասերի նպատակն էր նպաստել մասնակիցների ինքնարտահայտման, հաղորդակցության ու համագործակցության հմտությունների զարգացմանը, ծանոթացնել նրանց այլընտրանքային թերապիաների առանձնահատկություններին ու գործիքակազմերին։
Պարային թերապիայի վարպետաց դասերի ընթացքում արտթերապիստ Աննա Ղարիբյանը մասնակիցներին ներկայացրեց պարաշարժողական թերապիայի հիմունքներն ու նպատակները։ Պարային խաղ-վարժությունների միջոցով նրանք ծանոթացան մի շարք տեխնիկաների և մեթոդների, որոնք ուղղված են`
- ✦ մկանային լարվածության կարգավորմանը,
- ✦ ստեղծագործական երևակայության զարգացմանը,
- ✦ հույզերի ճանաչմանը,
- ✦ դրանց ընկալմանն ու մարմնի միջոցով արտահայտմանը,
- ✦ շարժողական կոորդինացիայի բարելավմանը,
- ✦ կամածին ուշադրության կենտրոնացմանը,
- ✦ հիշողության զարգացմանը,
- ✦ ուղեղի երկու կիսագնդերի համատեղ աշխատանքի զարգացմանը,
- ✦ ինչպես նաև խմբում, դասարանում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի և հանդուրժողականության ձևավորմանն ու ամրապնդմանը:
Արտթերապիստ Թագուհի Ստեփանյանը կավաթերապիայի և նկարչաթերապիայի վարպետաց դասերի ընթացքում անդրադարձավ տարբեր նյութերի առանձնահատկություններին և դրանց դրական ներգործությանը երեխաների զարգացման ոլորտների վրա, ներկայացրեց նոր մոտեցումներ, որոնց կիրառումը կօգնի մասնագետներին անհրաժեշտության դեպքում թուլացնել սովորողների լարվածությունը և հասնել հոգեբանորեն հանգիստ վիճակի։
Դրամաթերապիայի վարպետաց դասերին կարևորվեցին խաղ-վարժանքները․ այս փորձառությունն ավելի ստեղծարար է, չպարտավորված և հետաքրքիր։ Այն հրաշալի հնարավորություն է տալիս մասնակցել թատերական ներկայացման ստեղծման աշխատանքներին, «հագնելով երեխաների կոշիկները և հագուստը»՝ բարձրանալ բեմ, խաղալ որևէ դեր, լինել ակտիվ կամ պասիվ մասնակիցը միջոցառման կազմակերպչական աշխատանքներին և զրույց-քննարկումներին։ «Այս յուրահատուկ ճամփորդությունն անցած մանկավարժը երեխաների հետ աշխատելու ժամանակ այլ մոտեցում կունենա, կփորձի հասկանալ երեխայի հուզմունքը և հրճվանքը, թև կտա նրա մտքերին և հնարավորություններին», — այս սկզբունքով է վարպետաց դասերն անցկացնում դրամաթերապիստ Մարինե Ասատրյանը:
Վարպետաց դասերը հետաքրքիր էին ու հագեցած․ մասնագետներին փոխանցվեցին նոր գործիքներ և մեթոդներ, որոնց կիրառումը կնպաստի երեխաների ներքին ռեսուրսների ու կարողությունների բացահայտմանը, նրանց ինքնագնահատականի բարձրացմանը և ինքնավստահության ամրապնդմանը։
08.05.2026


