2026թ․ հունիսի 19-ին ՀՀ ԿԳՄՍՆ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի համագործակցությամբ անցկացվեց «ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ» թեմայով դասընթաց Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների համար։
Դասընթացն իրականացվում է ՀՀ կառավարության 2025թ. հունիսի 5-ի 736-Լ որոշմամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների, տնօրենների և երեխաների շրջանում անչափահասների կողմից թմրամիջոցների գործածման կանխարգելման, գործածման դեպքում աջակցության տրամադրման վերաբերյալ միջոցառումների շրջանակում։
Դասընթացը միտված է դպրոցականների շրջանում թմրամիջոցների օգտագործման ազդեցության, դրանց օգտագործմանը նպաստող գործոնների, պատճառահետևանքային կապերի բացահայտմանը, ինչպես նաև ուսուցիչների և սովորողների հետ աշխատող այլ մասնագետների կողմից թմրանյութերի օգտագործման առանձնահատկությունների, հիմնական նշանների ճանաչմանն ու կանխարգելմանն ուղղված գործընթացներին։
Ողջունելով համագործակցության մեկնարկը՝ ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը ներկայացրեց անչափահասների և դեռահասների շրջանում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի տարածման ու օգտագործման ուղղությամբ կանխարգելիչ գործողությունների անհրաժեշությունը, իրականացվող և նախատեսվող գործընթացների արդիականությունը սովորողների պաշտպանության համատեքստում։ Նա կարևորեց այս առումով միջգերատեսչական համագործակցությունը իրազեկման աշխատանքները կրթական հաստատություններում կազմակերպելու և իրականացնելու նպատակով։ ՀՄԿ տնօրենն անդարադարձավ նաև համագործակցության շրջանակում սեպտեմբերից այս ուղղությամբ նախատեսվող ուղեցույցի մշակման աշխատանքների համատեղ իրականացմանը և այդ ուղեցույցի հիման վրա հստակ մշակված մոդուլով վերապատրաստումների կազմակերպմանն ու անցկացմանը։
Դասընթացը վարում էին Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի կլինիկական հոգեբան Անահիտ Հարությունյանը և հոգեբան Ինեսա Սայադյանը։ Նրանք հանգամանալիորեն ներկայացրեցին թմրամիջոցների ու հոգեմետ միջոցների հիմնական տեսակները, դրանց օգտագործման վնասները և ազդեցությունը դեռահասների ֆիզիկական և հոգեկան առողջության վրա, անդրադարձան դպրոցականների շրջանում թմրանյութերի օգտագործման պատճառներին, նշանները ճանաչելու սկզբունքներին, հետևանքներին ու դրանց կանխարգելման մեխանիզմներին։
Դասընթացն ուղեկցվում էր քննարկումներով, որոնց ընթացքում մասնակիցները բարձրաձայնեցին իրենց հետաքրքրող հարցերն ու դիտարկումները։
22.06.2026

