2026թ․ հունիսի 15-19-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում իրականացվեցին այլընտրանքային թերապիայի վարպետաց դասեր ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) շուրջ 110 մասնագետների համար։
Վարպետաց դասերի հիմնական նպատակն էր նպաստել մասնակիցների ինքնարտահայտման, թիմային ներգրավվածության և հաղորդակցական կարողությունների զարգացմանը, մասնագիտական հմտությունների կատարելագործմանը։
Դասընթացի շրջանակում ՏՄԱԿ-ների մասնագետները ծանոթացան այլընտրանքային թերապիաների, մասնավորապես՝ պարային և կավաթերապիայի առանձնահատկություններին ու գործիքներին, դրանց կիրառման հնարավորություններին և արդյունավետությանը մասնագիտական գործունեության ընթացքում։
Վարպետաց դասերն անցկացրեցին ՀՄԿ մանկավարժահոգեբանական աջակցության բաժնի արտթերապիստներ Աննա Ղարիբյանը և Թագուհի Ստեփանյանը։
«Մկանային լարվածության կարգավորում պարային խաղ-վարժությունների միջոցով» թեմայով վարպետաց դասի ընթացքում մասնակիցները գործնական աշխատանքների և պարային խաղ-վարժությունների միջոցով ծանոթացան մկանային լարվածության կարգավորման մեթոդներին, մարմնի ազատ շարժունակության և շարժումների կոորդինացիայի զարգացման հնարքներին։
«Թաղանթ և միջուկ» թեմայի շրջանակում իրականացված վարպետաց դասն ուղղված էր կավաթերապիայի միջոցով անձի զարգացման հնարավորությունների բացահայտմանը, կավի հետ աշխատանքի զարգացնող միտումների ուսումնասիրությանը, որոնց կիրառումը գործնականում նպաստում է.
- ✦ ներքին զգացողությունների, հույզերի և կարիքների ճանաչմանն ու տարբերակմանը,
- ✦ խոցելիության նվազմանը և ինքնագնահատականի բարձրացմանը,
- ✦ անձնական սահմանների և պաշտպանական մեխանիզմների ուսումնասիրությանը,
- ✦ ինքնարտահայտման այլընտրանքային ձևերի բացահայտմանը,
- ✦ վստահության և ինքնավստահության ամրապնդմանը։
Դասընթացներն անցկացվեցին ինտերակտիվ ձևաչափով՝ ապահովելով յուրաքանչյուր մասնակցի ներգրավվածությունն ու գործուն մասնակցությունը և ընձեռելով նրանց ստեղծագործական մթնոլորտում նոր գիտելիքներ և աշխատանքային մեթոդաբանություններ ձեռք բերելու հնարավորություն։
ՏՄԱԿ-ների մասնագետները ծանոթացան այլընտրանքային թերապիաների տեսական հիմքերին և դրանց կիրառմանը գործնականում, ինչը կօգնի հետագա մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացմանը։
30.06.2026

