Նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում՝ «Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն»
Երևանի պետական հումանիտար քոլեջում 2026-2027 ուսումնական տարվանից փորձարարական կարգով ներդրվում է «Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն» մասնագիտությունը՝ «Հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչ» որակավորմամբ։
Միջին մասնագիտական կրթական ծրագրի տևողությունը միջնակարգ կրթության հիմքով 2 տարի է։ Նշված մասնագիտությամբ կիրականացնի ընդունելություն, որի համար հատկացվել է 25 տեղ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի դիտարկմամբ՝ Հայաստանում բավականին մեծ է սուրդոթարգմանիչների պահանջարկը, բացի այդ` համընդհանուր ներառական կրթության շրջանակում կա հեռահար նպատակ․ որպեսզի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները սովորեն իրենց համայնքի դպրոցներում։ Այս մոտեցումը ոչ միայն կնպաստի կրթության մատչելիությանն ու ներառականության ամրապնդմանը, այլև էապես կմեծացնի համապատասխան մասնագետների, այդ թվում՝ սուրդոթարգմանիչների պահանջարկը։
Սկզբնաղբյուր` ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ
18.07.2026