Օրերս աշխատանքային այցով Գյումրիում էր Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլը։
Այցի շրջանակում նա հյուրընկալվել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող «Ռեսուրս սենյակ» փորձարարական ծրագրում ընդգրկված Գյումրու Վահան Տերյանի անվան թիվ 15 հիմնական դպրոցում։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են «Ռեսուրս սենյակ» ծրագրի նպատակները, իրականացվող գործողությունները և երեխաների համար ստեղծված հնարավորությունները։ Նշվել է, որ Ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ և ուղղված է կրթության առանձնահատուկ պայմանների ու մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաների կրթական, սոցիալական և զարգացման կարիքների առավել հասցեական ու արդյունավետ աջակցությանը։
Ղասսան Խալիլը ծանոթացել է ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին, հանդիպել ծրագրում ներգրավված երեխաներին, անմիջականորեն շփվել նրանց հետ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը իր պատրաստակամությունն է հայտնել շարունակական աջակցություն ցուցաբերելու նման նախաձեռնությունների իրականացմանը՝ կարևորելով դրանց դերը յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացման գործում։
18.09.2026

