ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

2021թ․ հուլիսի 6-ին տեղի ունեցավ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական չափորոշչի փորձարարական ներդրման ծրագրի բացման միջոցառումը։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Համաշխարհային բանկի գործընկերային ծրագրի «Եվրամիությունը հանուն նորարարության» նախաձեռնության շրջանակներում։ Ծրագրի անմիջական իրականացնողներն են՝ Տավուշի մարզպետարանը, Կրթության զարգացման և նորարությունների ազգային հիմնադրամը (ԿԶՆԱԿ), Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը և «Այբ» կրթական հիմնադրամը։

Վերապատրաստումներն իրականացվելու են 2 կազմակերպությունների կողմից՝ ԿԶՆԱԿ-ն իրականացնելու է հասարակագիտական առարկաները դասավանդող ուսուցիչների վերապատրաստման դասընթացները, իսկ «ԱՅԲ» կրթական հիմնադրամն իրականացնելու է բնագիտամաթեմատիական առարկաներ դասավարդող ուսուցիչների վերապատրաստման դասընթացները։ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ներգրավված է պիլոտային ծրագրի իրականացման լոգիստիկ հարցերում աջակցության բաղադրիչով։

Ծրագրի բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններն ու նրանց տեղակալները և գործընթացն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները (ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, Տավուշի մարզպետարան, Կրթության զարգացման և նորարությունների ազգային հիմնադրամ (ԿԶՆԱԿ), «Այբ» կրթական հիմնադրամ, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն)։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրեց հանրակրթության նոր չափորոշիչների փորձարկման գործընթացը՝ նշելով, որ սեպտեմբերի 1-ից Տավուշի մարզի բոլոր հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպվելու է նոր չափորոշիչներով։ Չափորոշիչների փորձարկումից հետո, հաշվի առնելով պիլոտային կիրառման արդյունքները, դրանք կբերվեն ավարտուն տեսքի և 2023 թ-ի սեպտեմբերից Հանրակրթության նոր չափորոշիչն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի ու կկիրառվի հանրապետության մյուս մարզերում եւ Երեւան քաղաքում։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հակիրճ ներկայացրեց նաև նոր չափորոշիչներով առաջարկվող փոփոխությունները, որոնք հնարավորություն են տալու հանրակրթության մեջ արձանագրել որակական փոփոխություններ։

ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը և «ԱՅԲ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը ներկայացրեցին վերապատրաստման աշխատանքների ժամանակացույցն ու աշխատանքային ընթացակարգերը:

Աշխատաժողովի երկրորդ հատվածում դպրոցների ներկայացուցիչները բարձրացրեցին մի շարք հարցեր` նոր չափորոշչի ներդրման և վերապատրաստման աշխատանքների հետ կապված:

Միջոցառումը տեղի ունեցավ Դիլիջանի կենտրոնական դպրոցում։ Ուսուցիչները միջոցառմանը հետևում էին առցանց եղանակով։

Skip to content