Այսօր՝ հունիսի 24-ին Դիլիջանի միջազգային դպրոցում տեղի ունեցավ Տավուշի մարզում հանրակրթության նոր չափորոշչի առաջին փուլի փորձարկման արդյունքների ամփոփման արարողությունը։
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԵՄ պատվիրակության անդամ Ֆրենկ Հեսսը, «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրեն Արտաշես Թորոսյանը։ Տիկին Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց ծրագիրը կյանքի կոչած թիմին՝ մանկավարժներին, կազմակերպիչներին, վերապատրաստողներին ու նրանց աջակիցներին, և նշեց, որ միայն շարունակական համբերությամբ ու հետևողականությամբ հնարավոր է հասնել ակնկալած արդյունքին:
Միջոցառմանը մասնակցում էին Տավուշի մարզի 82 հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ ու փոխտնօրեններ, ԲՏՃՄ և հումանիտար առարկաներ դասավանդող ուսուցիչներ, ինչպես նաև գործընթացն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչներ (ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, Տավուշի մարզպետարան, Կրթության զարգացման և նորարությունների ազգային հիմնադրամ (ԿԶՆԱԿ), «Այբ» կրթական հիմնադրամ, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն), կրթության փորձագետներ և հյուրեր։
Հանրակրթական չափորոշիչների ներդրման փորձարարական ծրագիրը մեկնարկել է 2021թ-ին և ֆինանսավորվել է Եվրոպական միության և Համաշխարհային բանկի կողմից։ Ծրագրի շրջանակում այս մեկ տարվա ընթացքում բնագիտամաթեմատիկական և ճարտարագիտության բնագավառի շուրջ 600 (ԲՏՃՄ) մանկավարժների համար վերապատրաստումներ են իրականացրել «Այբ» կրթական հիմնադրամի փորձագետները, իսկ հումանիտար առարկաներ դասավանդող ուսուցիչները վերապատրաստվել են Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի մասնագետների կողմից:
Միջոցառման ընթացքում, ի թիվս այլոց, ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Շնորհակալագրեր ստացան նաև ՀՄԿ տնօրեն Արաքսիա Սվաջյանը և տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը:
Սկզբնաղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջ