ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ և ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծում կատարված հիմնական փոփոխություններն են՝
- ✦ Սահմանվել է այլընտրանքային հանրակրթական ծրագիրը։
 - ✦ Հստակեցվել է ուսումնական պլանի անհատական բաղադրիչի սահմանումը, որով շեշտվել է սովորողի ընտրության կարևորությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ անհատական բաղադրիչով նախատեսված նախագծային հետազոտական աշխատանքներն ու խմբակները դպրոցը կարող է իրականացնել այլ կառույցների հետ համագործակցությամբ
 - ✦ Ներդրվել է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն հասկացությունը, որն ուղղված է հատուկ դպրոցները վերափոխելուն՝ դրանք դարձնելով մասնագիտացած ռեսուրս կենտրոններ։
 - ✦ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց թվում ներառվել է նաև բացառիկ ընդունակություններ ունեցող անձը:
 - ✦ Առավել բարենպաստ պայմաններ են սահմանվել Հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժում ստացող, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց կրթության իրավունքի իրացման համար։
 - ✦ Հստակ ամրագրվել է, որ կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է ուսուցչի դրույքաչափի փոփոխության և 5 տարի ժամկետով հավելավճարի սահմանման համար։
 - ✦ Մեծացվել են ԲՏՃՄ առարկաների գծով նոր մասնագետների ներգրավման հնարավորությունները:
 - ✦ Հստակեցվել է վարչական աշխատողների դասավանդման իրավունքը:
 - ✦ Հստակեցվել է պետական ուսումնական հաստատության համակարգողի և տնօրենի լիազորությունների շրջանակը՝ հաշվի առնելով արդեն իսկ թվայնացված գործընթացները։
 - ✦ Հստակեցվել են որակավորման պահանջները տնօրենի և համակարգողի համար:
 - ✦ Նախագծում հստակեցվել է, որ պետական ուսումնական հաստատության տնօրեն և համակարգող չի կարող առաջադրվել, նշանակվել այն անձը, որը հանդիսանում է կուսակցության ու նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների անդամ:
 - ✦ Սահմանվել է, որ պետական ուսումնական հաստատության տնօրեն և համակարգող չի կարող առաջադրվել, նշանակվել այն անձը, որի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով:
 


