Հանրային ռադիոյի «Խոշորացույց» հաղորդաշարի տաղավարում զրույցն ընթացավ «Հաշմանդամություն ունեցողն ու նրա շրջապատը. ո՞վ է թիրախում» խորագրի ներքո:
- ✦ Ի՞նչ բացեր ունի ներառական կրթության ոլորտը
- ✦ Ի՞նչ լուծումներ են տրվել առկա խնդիրների կարգավորման նպատակով։
Ինչպես նշեց ՀՄԿ տնօրեն Արաքսիա Սվաջյանը՝ ներառական կրթությունը կրթություն է յուրաքանչյուր երեխայի համար, ինչը նշանակում է, որ ցանկացած երեխա, ով հայտնվում է կրթական միջավայրում և հանդիպում դժվարությունների, պետք է ապահովվի այն բոլոր հարմարեցումներով, որոնք նրան հնարավորություն կտան ստանալ առավել որակյալ և մատչելի կրթություն։
ՀՄԿ տնօրենն անդրադարձավ նաև Հանրակրթության մասին ՀՀ օրենքում 2022թ-ին կատարված փոփոխություններին, որոնց արդյունքում առավել լայն թվով երեխաներ են ընդգրկվել ներառական կրթության և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ցանկում՝ մասնավորապես բացառիկ ընդունակություններ ունեցող երեխաները։
ՀՀ-ում գործող թվով 7 հատուկ դպրոցները, որոնք որոշակի մասնագիտական ուղղվածություն ունեն, վերակազմակերպվելու են հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների՝ տարիների կուտակված փորձը ծառայեցնելու դպրոցներում սովորող առավել ծանր խանգարումներ ունեցող երեխաների համապատասխան մասնագիտական աջակցմանը։
Դպրոցներն իրենց ֆինանսավորման մեջ կունենան նպատակային տող, որը ուղղված կլինի ներառական կրթության համար անհրաժեշտ ծախսերը հոգալուն։
Այս և ներառական կրթության, հաշմանդամություն ունեցող անձանց բազմաթիվ այլ խնդիրների ու դրանց հավանական լուծումների մասին զրույցը դիտեք ստորև ↓