Մեր գործընկերների, ուսուցիչների, ծնողների և բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կայքի «ԱՌՑԱՆՑ ԳՐԱԴԱՐԱՆ» բաժնի բովանդակային նյութերին:
Սույն բաժինը ներառում է եռալեզու` հայերեն, անգլերեն, ռուսերեն մոտ հազար երեք հայուր օրինակ մասնագիտական գրականություն: Զետեղված գրքերը, հոդվածները, մեթոդական ձեռնարկները, ուղեցույցներն ու աշխատանքային տետրերը ոչ միայն նեղ մասնագիտական, այլև հանրամատչելի են ընթերցողների լայն շրջանի համար:
Գիտատեխնիկական զարգացման, սոցցանցերի առատ տեղեկատվության և կրթված հասարակության պայմաններում տարիների ընթացքում ստեղծված, համակարգված և ճիշտ թիրախավորված գրականությամբ «ԱՌՑԱՆՑ ԳՐԱԴԱՐԱՆՆ» ընթերցողին կօգնի ժամանակ խնայել՝ իրեն հուզող թեմայով նյութը արագ գտնելու, ներառականությանը վերաբերող համաշխարհային փորձին ծանոթանալու և, ինչու ոչ՝ ինքնակրթվելու համար։
Առցանց գրադարանում զետեղված են նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից մշակված և հրատարակված ներառական կրթության կազմակերպման և իրականացման գործընթացին ուղղված ձեռնարկներն ու մեթոդական ուղեցույցները, որոնք հիանալի օգնականներ են մեր ընթերցողի՝ ոլորտի մասնագետների, մանկավարժների և ծնողների համար:
Վստահ ենք, որ գրադարանից օգտվողները կարժևորեն այս հարթակի կարևորությունը՝ գտնելով իրենց անհրաժեշտ մասնագիտական գրականությունն ու տեղեկատվությունը։