ՀՈՒՅԶԵՐԻ ԳՈՒՆԱՊՆԱԿ
Նպատակ – զարգացնել հույզերի ճանաչումը, տարբերակումը, որի արդյունքում երեխան կսովորի կառավարել իր սեփական հույզերը։ Ներկայացված նյութերով աշխատելու շնորհիվ երեխայի մոտ կձևավորվի նաև շատ կարևոր սոցիալական հմտություն՝ ապրումակցումը։
Տարիքային խումբ – 5-10 տարեկան
Ընթացք – Յուրաքանչյուր նկարում ներկայացված է համապատասխան առաջադրանքը
ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՏԱՐԱ
Նպատակ – զարգացնել երեխայի մանր մոտորիկան, ուշադրությունը, հարստացնել բառապաշարը
Տարիքային խումբ – կրտսեր դպրոցական
Անհրաժեշտ նյութեր – գունավոր մատիտներ, գրիչ
Ընթացք – Անվանել և ներքևի հատվածում գրել տարայում գտնվող առարկաների անվանումները, այնուհետև գունավորել դրանք։
ԻՐԱԿԱՆ «ԵՍ», ԻԴԵԱԼԱԿԱՆ «ԵՍ»
Նպատակ – համարժեք ինքնագնահատականի ձևավորում
Տարիքային խումբ – կրտսեր դպրոցականներ և դեռահասներ
Անհրաժեշտ նյութեր – մատիտներ
Ընթացք – Խնդրել երեխային, որ նկարի երկու նկար: Առաջին նկարում նա պետք է պատկերի իրեն այնպիսին, ինչպիսին կա իրականում, երկրորդում՝ այպիսին, ինչպիսին կցանկանար, որ լիներ:
ԻՄ ԴՂՅԱԿԸ
Նպատակ – անձնային որակների ճանաչում, համարժեք ինքնագնահատականի ձևավորում
Տարիքային խումբ – կրտսեր դպրոցականներ և դեռահասներ
Անհրաժեշտ նյութեր – գրիչ կամ մատիտ
Ընթացք – Խնդրել երեխային, որ առաջին սյունակում ներկայացնի իր ուժեղ կողմերը՝ ի՞նչն է սիրում, գնահատում և կարևորում իր մեջ: Այնուհետև առաջարկել նրան ներկայացնել այն կարողություններն ու հմտությունները, որոնք կարողանում է կատարել մյուսներից ավելի լավ, իսկ երրորդ սյունակում՝ այն բոլոր նպատակները, որոնք պլանավորում է իրականացնել որոշակի ժամկետում:
ՄԻ ԱՆԳԱՄ
Նպատակ – զարգացնել երեխաների հուզական ինտելեկտը, երևակայությունը, համագործակցությունը հասակակիցների հետ
Տարիքային խումբ – 6-10 տարեկան
Մասնակիցների քանակ – 2-8 երեխա
Անհրաժեշտ նյութեր – հույզերը պատկերող քարտեր
Ընթացք – Քարտերը սեղանին դնել շրջված վիճակում այնպես, որ երեխաները չկարողանան տեսնել, թե ինչ պատկեր են վերցնում։ Առաջին մասնակիցը վերցնում է քարտը և սկսում պատմել մի պատմություն, որտեղ գլխավոր հերոսը ապրում է այն հույզը, որը պատկերված է քարտում։ Օրինակ՝ «Մի անգամ Արամը ․․․ »։ Հաջորդ մասնակիցը վերցնում է մյուս քարտը և պատմությունը շարունակում այնպես, որ հերոսի ապրումներն արտահայտեն իր վերցրած քարտում պատկերված հույզը։ Յուրաքանչյուր մասնակից շարունակում է պատմությունը նույն սկզբունքով, իր խոսքը սկսելով․ «Իսկ հետո Արամը․․․» բառերով։ Կարևոր է ցույց տալ մի հույզի փոխակերպումը մյուսով։ Կարևոր է նաև մտքի ընդհանրությունը պահպանելը․ յուրաքանչյուրի պատմությունը պետք է տրամաբանորեն կապված լինի մյուսի հետ ու շարունակի նախորդ մասնակցի միտքը։