Օգոստոսի 8-ին ՀՄԿ-ում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում «Ուսուցիչների՝ ներառող դասավանդման վերապատրաստման կարողությունների զարգացման» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը իրականացվում է «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով՝ համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների իրականացման շրջանակներում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի փորձագետների կողմից մշակված հայեցակարգը և ներառող դասավանդման վերապատրաստման մոդուլը, որը մշակվելու է հայեցակարգի հիման վրա: Հանդիպմանը ներկա էին ՀՄԿ տնօրեն Ա․Դավթյանը, տնօրենի տեղակալ Հ․Ադամյանը, ծրագրի ղեկավար, «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամի ներառական կրթության ղեկավար Մ․Խաչատրյանը, ծրագրի գլխավոր փորձագետ, «Կրթություն և հետազոտություններ» հիմնադրամի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ա․Ավագյանը, ծրագրի փորձագետներ` Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոս Շ․Քեոշկերյանը, Արմավիրի մարզի Գետաշենի միջնակարգ դպրոցի հոգեբան Լ․Վարդումյանը:
Նշենք, որ սույն ծրագրի շրջանակներում՝
- մշակվելու է ներառող դասավանդման վերապատրաստման մոդուլ առարկայական ուսուցիչների համար,
- մենթորական աջակցության հայեցակարգ, մեթոդաբանություն և գործիքակազմ,
- հավաքագրվելու, ընտրվելու և վերապատրաստվելու են 60 վերապատրաստող-մենթորներ, ովքեր հետագայում, կիրառելով նշված մոդուլն ու գործիքակազմը, իրականացնելու են հանրակրթական դպրոցների առարկայական ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացման ծրագիրը (վերապատրաստում և մենթորական աջակցություն)։