Բլոգ | Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման բաժին

«Չարաճճի պինգվին»

Երաժշտություն` համանուն մուլտֆիլմից ♫
Նպատակ` սովորել կառավարել սեփական շարժումները
Անհրաժեշտ պարագաներ՝ զանգակներով մասիկներ: Աննշան շարժման ժամանակ մասիկները զնգում են: Զանգակներով մասիկները կարող ենք փոխարինել ռեզինե օղակի վրա ամրացրած զանգակներով։
Ընթացք՝ հրահանգ՝ քայլել այնպես, որ զանգակները չզնգան, հետո այնպես, որ զանգակները հնչեն պարզ (քայլ), շեշտադրված (թռիչքներ), անդադար զնգոցով (վազք):
Այս վարժությունը կարելի է կատարել ինչպես երաժշտության, թմբուկի կամ այլ հարվածային գործիքների ուղեկցությամբ, այնպես էլ առանց երաժշտության, որպեսզի զանգակների ձայների ներքո երեխաները ավելի լավ հետևեն և կառավարեն իրենց շարժումները՝ ստեղծելով ռիթմիկ երաժշտություն:

«Ժապավեններով պար»

Երաժշտություն՝ «Չունգա-չանգա» (Վ. Շաինսկի) ♫
Նպատակ` սովորեցնել արտահայտել սեփական հույզերը, ցուցաբերել անհատականություն
Անհարժեշտ պարագաներ՝ բազմագույն ժապավեններ 30 սմ երկարությամբ
Ընթացք՝ մասնակիցները երաժշտության ներքո թռչկոտում են և գունավոր ժապավենները գցում վերև կամ միմյանց վրա: Գունավոր ժապավենները նպաստում են հույզերն ավելի ուրախ և արտահայտիչ դարձնելուն:
Վարժությունը կարելի է կրկնել մի քանի անգամ:

«Կենդանի կոշիկներ»

Նպատակ՝ սովորեցնել կառավարել սեփական հույզերը
Ընթացք՝ մասնակիցներին հանձնարարվում է պատկերել՝ ինչպես են քայլում տխուր, ուրախ, մտազբաղ, շտապող, հոգնած, ուժեղ մարդու կոշիկները: Մասնագետը հերթով խրախուսում է մասնակիցներին:
Վարժությունը կարելի է կրկնել մի քանի անգամ:

Ի՞ՆՉ Է ԱԼԱԼԻԱՆ (ԱՆԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ)

Ալալիան (անխոսությունը) խոսքային խնդիրների այն խանգարումներից է, որի դեպքում նորմալ լսողության և պահպանված ինտելեկտի պայմաններում խոսքը չի ձևավորվում կամ ձևավորվում է ուշացումով։ Ալալիայի դեպքում խոսքը կարող է բացակայել լիարժեք կամ մասնակի: Այսինքն՝ երեխան կարող է արտահայտել բառեր, արտահայտություններ, որոնք անհասկանալի են դիմացինի համար։ Առանձնացվում են անխոսության հետևյալ տեսակները՝ շարժողական, զգայական և խառը: Անխոսությունը գլխուղեղի կեղևի գոտիների ախտահարման հետևանք է: Շարժողական ալալիայի ժամանակ նկատվում է գլխուղեղի խոսքաշարժողական կենտրոնի (Բրոկայի) ախտահարում և դրսևորվում է արտաբերական նպատակային շարժումներ կատարելու դժվարություններով: Շարժողական դժվարությունները նկատելի են նաև այս երեխաների մատների շարժումներում: Խոսքը նույնպես վերաբերում է նպատակային շարժումներին: Նրանք, օրինակ, կարողանում են առօրյայում արագ գործողություններ կատարել, բայց դժվարանում են մատների կոնկրետ շարժումներով դրանք հստակ իրականացնել, կարողանում են կերակուրը ծամել, սակայն դժվարանում են հրահանգի դեպքում կամ նմանակման միջոցով բացել կամ փակել բերանը և այլն:
Կարճ ակնարկով անդրադառնանք շարժողական անխոսության հաղթահարմանն ուղղված լոգոպեդական աշխատանքի պրակտիկայի վրա հիմնված և շարունակական աշխատանքների առանձնահատկություններին և արդյունավետությանը։
Շարժողական անխոսությունն արտահայտվում է ամբողջ խոսքային համակարգի թերություններով: Տուժած է խոսքի ընկալումը, գրեթե բացակայում է խոսքը, արտասանվում են խիստ սահմանափակ հնչյուններ, որոնք արտաբերվում են միայն նմանակման միջոցով։ Խնդիրներ են նկատվում նաև հոգեբանական զարգացման, ճանաչողության և շարժունակության ոլորտներում: Ընդհանուր շարժունակության զարգացումը կարևոր նշանակություն ունի երեխայի շարժողական գործառույթների բարելավման և անհրաժեշտ՝ խոսքային գործառույթների կարգավորման համար:
Հաշվի առնելով խոսքային գործառույթի խանգարման համակարգային բնույթը՝ լոգոպեդական աշխատանքներն իրականացվում են հետևյալ կերպ:
Սկզբում երեխան դժվարությամբ է ներգրավվում աշխատանքային գործընթացում. հնարավորինս պարզեցնելով հրահանգներն ու պահանջները, խոսելով ցածրաձայն և ստեղծելով առավել բարենպաստ, խաղային միջավայր՝ երեխան կարճ ժամանակում հաղթահարում է կողմնակի վախերն ու անհանգստությունները: Աստիճանաբար իրականացվում են աշխատանքներ, որոնք բնորոշ են երեխայի խոսքի զարգացման ավելի վաղ փուլերին՝ քայլ առ քայլ անցնելով խոսքի ձևավորման ամբողջ ճանապարհը՝ համակարգված աշխատանք տանելով խոսքի բոլոր բաղադրիչների՝ հնչարտաբերման, հստակեցման, վանկային կառույցի ձևավորման, բառապաշարի հարստացման, քերականական համակարգերի ձևավորման, կապակցված խոսքի ձևավորման և քերականական բարդ նախադասությունների ընկալման վրա: Սկզբնական փուլում խաղերի, քարտերի, նկարների միջոցով իրականացվում են միայն ձայների նմանակման վարժություններ, ինչը երեխան շատ հաճախ նմանակում է ակամայից: Այս ընթացքում զարգանում է նաև լսողական ընկալումը: Հետագայում երեխան արտասանում է միավանկ բառեր՝ դրանցով կազմելով պարզագույն բառակապակցություններ: Երեխան ոչ միշտ է կարողանում հստակ կրկնել երկվանկ կամ բազմավանկ բառերը, նկատվում են տեղափոխություններ, սակայն աշխատանքը չի դադարեցվում, որպեսզի բազմավանկ բառեր արտասանելու կարողություն ձևավորվի, այլապես երեխան կարող է ցանկացած ոչ հստակ արտասանությունից հետո ցուցաբերել կամակորություն կամ ուղղակի հրաժարվել աշխատելուց: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում առօրյա հակիրճ արտահայտությունները հիշելուն, քանի որ մշտապես նկատվում են դժվարություններ՝ կապված հիշողության հետ: Տվյալ փուլում աշխատանք է իրականացվում հարցերին հստակ և ամբողջական պատասխանելու ուղղությամբ, քանի որ աշխատանքի սկզբնական փուլում երեխան կարող է որպես պատասխան արտահայտել մեկ հնչյուն, մեկ վանկ, ընդհուպ մինչև գլխի շարժում, ժեստ կամ ձայն: Իհարկե, հաշվի է առնվում երեխայի խիստ սահմանափակ բառապաշարը:
Աշխատանքի բնույթն աստիճանաբար փոխվում է․ իրականացվում են աշխատանքներ՝ ուղղված բառապաշարի հարստացմանը, հստակեցմանը, բառերի վանկային կառուցվածքի բարելավմանը, ագրամատիզմների հաղթահարմանը, քերականական համակարգի բարելավմանը, հնչարտաբերման շտկմանը, կապակցված խոսքի զարգացմանը:
Երեխայի հետ աշխատանքն անհրաժեշտ է իրականացնել շարունակական և հստակ ժամանակացույցով:
Հղումների ցանկ 1. http://parents.disabilityinfo.am/%D5%AD%D5%B8%D5%BD%D6%84%D5%AB-%D5%A6%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%AD%D5%B6%D5%A4%D5%AB%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8%D5%9D/ 2. https://logopedplus.ru/articles/alaliya/chto-takoe-alaliya/ 3. https://www.unicef.org/armenia/media/2196/file 4. https://www.logopedmaster.ru/node/838

Գրավոր խոսքի խանգարում. գրելու գործընթաց եվ ընթերցանություն (դիսլեքսիա եվ դիսգրաֆիա)

Երեխաներին կարդալ և գրել սովորեցնելը հեշտ չէ, և ոչ բոլոր երեխաներին են հեշտությամբ և առանց դժվարությունների տրվում մեծերի կարծիքով պարզունակ գործողությունները: Երեխան տարբեր ոլորտներում կարող է հասակակիցներից ավելի խելացի և տաղանդավոր լինել, սակայն գրելիս և կարդալիս կատարել ամենաանհավանական սխալները: Ցավոք, շատ ծնողներ, երբեմն նաև մանկավարժներ, այդ սխալները վերագրում են երեխայի անուշադրությանը: Լավագույն դեպքում մանկավարժը ծնողներին խորհուրդ է տալիս երեխայի հետ ավելի շատ արտագրություն կատարել, թելադրություն գրել: Ահա այստեղ էլ ծնողներն ու երեխաներն առերեսվում են դժվարությունների:
Երեխայի ծնողները կամ մանկավարժները լոգոպեդի օգնությանը դիմում են միայն այն ժամանակ, երբ իրենք այլևս չեն կարողանում հաղթահարել առաջացած խնդիրները: Այս ամենից խուսափելու համար անհրաժեշտ է վերլուծել երեխայի սխալները, եթե դրանք պատահական չեն, այլ կրում են պարբերաբար կրկնվող բնույթ, ապա անհրաժեշտ է դիմել լոգոպեդի խորհրդատվությանը: Կայուն խանգարումների առկայությունը փաստում է այն, որ երեխայի մոտ մասնակիորեն խանգարված են կարդալու և գրելու գործընթացները:
Լոգոպեդի կողմից առաջադրվող խորհուրդներ ծնողներին.
⦿ դիմել համապատասխան մասնագետի ընթերցանության խանգարումը վաղ բացահայտելու և կանխելու համար,
⦿ խրախուսել երեխայի ցանկացած բնույթի ընթերցանությունները (հեքիաթ, բանաստեղծություն, նկարազարդ գրքեր),
⦿ սկզբնական շրջանում խրախուսել երեխային և տրամադրել նրան մատչելի բովանդակությամբ տեքստեր, որպեսզի երեխան տեսնի սեփական հաջողությունները և վստահություն ձեռք բերի սեփական անձի նկատմամբ,
⦿ աստիճանաբար մեծացնել տեքստերի ծավալները և ակնկալել, որ երեխան սկսի վերապատմել դրանք,
⦿ առաջարկել ծնողներին, որ երեխային սովորեցնեն լսել ձայնագիր հեքիաթներ. ընտրել երեխայի տարիքին և գիտելիքներին համապատասխան տեքստերի ձայնագրություններ, որոնք կօգնեն զարգացնել երեխայի տեսողական և լսողական հիշողությունը, կսովորեն նոր բառեր, կհարստացնեն բառապաշարը:
Կարդալ երեխայի համար.
⦿ նստել երեխայի կողքին և կարդալ բարձրաձայն,
⦿ տեքստի բառերի տակ տեղադրել քանոն կամ մատիտի շարժումով կարդալ, որպեսզի երեխան լսի յուրաքանչյուր բառի հնչյունների ճիշտ արտասանությունը,
⦿ բարդ բառերը կարդալ վանկարկելով, այնուհետև երեխային խրախուսել, որ նույնությամբ կրկնի դրանք,
⦿ օգնել, որ երեխան ընթերցելիս սկզբնական շրջանում օգտագործի մատիտ կամ գրիչ:
Երեխայի հետ նկարել հետաքրքիր պատկերներ.
⦿ գրել պատկերների անվանումները՝ կիրառելով այն բառերը և հնչյունները, որոնք դժվարություններ են ստեղծում երեխայի համար ընթերցանության գործընթացում,
⦿ օգտագործել տվյալ հնչյուններն ու բառերն այնքան, մինչև երեխան կկարողանա դրանք կիրառել խոսքում:
Գրականություն
1. “The development of language’’-Jean Berko Gleason,Nan Bernsein Ratner 2012 2. http://www.dyslexia.ru https://play.google.com/store/apps/details?id=densamed.letterslearning&hl=ru

«Տառեր եվ հնչյուններ»

Նպատակը՝ կօգնեք երեխային սովորել, որ՝
⦿ բառերը կազմված են տարբեր խմբերից,
⦿ տառերը ներկայացնում են որոշակի հնչյուններ,
⦿ բառը սկսվում է ձախ կողմի առաջին տառով,
⦿ բառը վերջանում է աջ կողմի վերջին տառով,
⦿ ճանաչել իր անվան տառերը, սովորել այդ տառերին համապատասխանող հնչյունները:
Անհրաժեշտ պարագաները՝ տառեր, գրատախտակ, կավիճ կամ կարելի է օգտագործել նաև էկրանները՝ ձայնային տարբերակներով:
Խաղի ընթացքը` գրել երեխայի անունը, հեգել (յուրաքանչյուր տառին տալով համապատասխան հնչյունը), որոշել, թե որ տառով կամ հնչյունով է սկսում իր անունը և որով վերջանում, ճանաչել իր անվան տառերը և դրանց համապատասխան հնչյունները:
Հղում՝ http://www.babycef.am/hy/positive-parenting/game-zone-letters-words-stories?term=22

«Պատրաստում ենք միասին»

Նպատակը՝ խոսքի, սոցիալ-զգայական և մտավոր կարողությունների զարգացում, ինչպես նաև՝ հիգիենայի կանոնների ուսուցում (ուտելուց առաջ և հետո լվացվել, անվտանգության կանոններ և այլն):
Անհրաժեշտ պարագաները՝ աղցան պատրաստելու համար անհրաժեշտ բանջարեղեն և պարագաներ:
Խաղի ընթացքը՝ երեխաներին ներգրավել աղցան պատրաստելու գործում՝ տալով նրանց պարզ հանձնարարություններ՝ պահպանելով հիգիենայի և անվտանգության բոլոր կանոնները: Կարելի է նաև նրանց սովորեցնել պատրաստելու բազային կանոնները և պատմել մթերքի օգտակարության մասին:
Հղում՝ http://www.babycef.am/hy/positive-parenting/game-zone-learning-at-home-cooking-together?term=22

«Գուշակիր, թե ինչ է»

Նպատակը՝ զարգացնել երեխայի մաթեմատիկական և խոսքի կարողությունները:
Անհրաժեշտ պարագաները՝ ըստ սենյակի կահավորման կամ կարելի է կիրառել նկար-քարտեր:
Խաղի ընթացքը` կարելի է խաղն սկսել այսպես․ «Ես այս սենյակում տեսնում եմ երեք կապույտ իր, որո՞նք են դրանք»։ Թույլ տվեք՝ երեխան շարունակի հարցեր տալ այդ առարկայի վերաբերյալ, մինչև կկարողանա գուշակել, թե ինչ իր եք նկարագրում։ Որոշ լրացուցիչ բնութագրիչներ կարող եք Դուք նույնպես հաղորդել, օրինակ՝ «այն կլոր է և փոքրիկ» կամ «այն սպիտակ է և փափուկ»։ Ավելի փոքրերի համար կարող եք ասել․ «Ես տեսնում եմ մի բան, որը շարժվում է», մինչդեռ մեծերին կարելի է ավելի բարդ տարբերակով նկարագրել, օրինակ՝ «Դա մի բան է, որ «Կ» տառով է սկսվում»։
Հղում՝ http://www.babycef.am/hy/positive-parenting/game-zone-learning-at-home-play-and-guess?term=22

«Ցատկ օղակից օղակ կամ քայլ անցումով, փոքր գնդակի նետում նպատակին»

Նպատակ՝ բարելավել և զարգացնել ցատկունակությունը, տարածական կողմնորոշումը, դիպուկությունը, մանր և խոշոր շարժունակությունը:
Անհրաժեշտ նյութեր՝ մարզական 4 օղակ, 1 փոքր գնդակ:
Ընթացք՝ օղակները դրվում են հատակին՝ 30 սմ հեռավորության վրա, ելման դիրքից երեխան ցատկում է օղակից օղակ՝ հաջորդաբար հասնելով հատակին դրված փոքր գնդակին, վերցնելով գնդակը՝ նետում է նպատակին, գնդակը դնում նետման տեղում և վերադառնում ելման դիրքը:

«Քայլ պարանի վրայով՝ ձեռքերը գոտկատեղին, գնդակների նետում դույլի մեջ»

Նպատակ՝ վերականգնել և զարգացնել հավասարակշռությունը, կեցվածքը, տարածական ընկալումը, մանր և խոշոր շարժունակությունը, ստորին վերջույթների կոորդինացված շարժումները:
Անհրաժեշտ նյութեր՝ 1 պարան՝ 3 մ, 4 փոքր գնդակ, 1 դույլ, մարզական 1 փոքր օղակ:
Ընթացք՝ երեխան քայլում է հատակին դրված պարանի վրայով՝ ձեռքերը գոտկատեղին՝ հասնելով հատակին դրված օղակին, որի մեջ դրված 4 փոքր գնդակները վերցնելով՝ նետում է դույլի մեջ, այնուհետև նետած գնդակները դույլից հանելով՝ դնում է օղակի մեջ և վերադառնում ելման դիրք:

«Մեծ գնդակի հարվածում օղակի մեջ և բռնում, անցում մյուս օղակներին, հետո նետում պատին, գնդակի բռնում եվ վերադարձ ելման դիրք»

Նպատակ՝ բարելավել և զարգացնել մանր և խոշոր շարժունակությունը, կողմնորոշումը, դիպուկությունը, արագաշարժությունը:
Անհրաժեշտ նյութեր՝ մարզական 4 օղակ, 1 մեծ գնդակ:
Ընթացք՝ երեխան՝ վերցնելով մեծ գնդակը և հարվածելով օղակի մեջ, բռնում է երկու ձեռքով, կատարում է անցում հաջորդ օղակներին, հասնելով վերջին օղակին՝ նետում է պատին, հետո բռնելով գնդակը երկու ձեռքով՝ վերադառնում ելման դիրք:

ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽԱՂԵՐ ՉՈՐ ԼՈՂԱՎԱԶԱՆՈՒՄ

Չոր լողավազանում անցկացվող խաղերն ու վարժությունները ոչ միայն առողջության բարելավմանն ուղղված գործողություններ են, այլև երեխաների ժամանցի նախընտրելի տեսակն է․ այն ոչ միայն ուրախացնում, այլև զարգացնում է:
Չոր լողավազանը՝ լցված տարբեր գույների գնդակներով, կարելի է հանդիպել գրեթե բոլոր զարգացման կենտրոններում։ Խաղերը և վարժությունները չոր լողավազանում ամրացնում են ընդհանուր առողջական վիճակը, կարգավորում են մկանային լարվածությունը և միաժամանակ նպաստում թուլացմանը՝ ռելաքսացիային, բարելավվում են կոորդինացված շարժումները, շոշափելիքի և գունային ընկալումը։
Ներկայացվում են խաղեր ու վարժություններ, որոնք առավել արդյունավետ է անցկացնել թեթև կամ միջին աստիճանի տարբեր խնդիրներով նախադպրոցական տարիքի (3-6 տարեկան) երեխաների հետ:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
https://inteltoys.ru/articles/cat1/article497.html
http://airpalace.ru/article/igry_v_bassejne.php

Մերսման օգտակարություն

Գնդակները երեխայի մարմնի վրա ունենում են կետային ազդեցություն, ինչպես նաև՝ դրանց միջոցով իրականացվում է մարմնի ամբողջական մերսում։ Նման մերսումը հանգստացնում է երեխային և նպաստում արյան շրջանառության բարելավմանը:

Մկանների ամրապնդում

Երեխաները կարող են ժամերով զվարճանալ չոր լողավազանում։ Յուրաքանչյուր շարժում զարգացնում է մեկ կամ մի քանի մկանախումբ։ Մկանային կորսետի ձևավորման հետ միաժամանակ ձևավորվում է նաև կմախքը։ Չոր լողավազանում անցկացված ֆիզիկական վարժությունները օգնում են երեխային ձեռք բերել գեղեցիկ կեցվածք։

Սրտանոթային և շնչառական համակարգ

Հերթականությամբ իրականացվող շարժողական խաղերը և հանգիստը լավ վարժանքներ են շնչառական օրգանների համար։

Հոգեզգայական զարգացում

Յուրաքանչյուր մանկական խաղ լի է զգացմունքներով։ Չոր լողավազանում կարելի է շփվել հասակակիցների հետ, ցուցաբերել միասնական ստեղծագործական միտք, հնարել նորանոր հետաքրքիր խաղեր։

ԽԱՂԵՐ ՄԵԿ ՀՈԳՈՒ ՀԱՄԱՐ
Հետախույզ

Նպատակ՝ մարմնի ընդհանուր մերսում, ճկունության և ընդհանուր շարժունակության զարգացում։
Ընթացք՝ երեխան պառկում է գնդակների վրա և սկսում է կրկնօրինակել հետախույզի տարբեր հնարներ:
Գործողություններ՝ սուզվել, չորեքթաթ սողալ, թաքնվել հետախուզումից և այլն։

ԹՈՒԼԱՑՈՒՄ

Նպատակ՝ բոլոր մկաների թուլացում, զգայական ոլորտի հանգիստ։
Ընթացք՝ երեխան պառկում է լողավազանում մեջքի վրա, մասնագետը խնդրում է նրան ձգել մարմինը՝ լարելով բոլոր մկաները, իսկ 10-15 վայրկյան հետո թուլանալ և զգալ թեթևացած մարմինը։

ԳԼՈՐՈՒՄՆԵՐ

Նպատակ՝ ողնաշարի համակարգված աշխատանք:
Ընթացք՝ երեխան ձգված ձեռքերով պառկում է լողավազանի եզրին, որից հետո ''սուզվում է'' լողավազանում և գլորումներով հասնում հակառակ ''ափ''։

ԽՈՐԱՄԱՆԿ ՓԻՍԻԿ

Նպատակ՝ մարմնի մերսում, ընդհանուր շարժունակության զարգացում:
Ընթացք՝ տեղաշարժվելով ամբողջ լողավազանով՝ չորեքթաթ, ժամանակ առ ժամանակ թաքնվելով գնդակների տակ՝ երեխան փորձում է ընդօրինակել փիսիկի շարժումները։

ԽՄԲԱՅԻՆ ԽԱՂԵՐ
Ով կարող է ավելին

Նպատակ՝ ձեռքերի ճկունության զարգացում, գունաճանաչություն:
Ընթացք՝ երեխաները փորձում են ձեռքերում միաժամանակ պահել հնարավորինս շատ գնդակներ։
Առաջադրանքը մի փոքր բարդացնելու նպատակով կարելի է առաջարկել երեխաներին հավաքել միայն մեկ գույնի գնդակներ։

ՉԱՐԱՃՃԻ ՈՏՔԵՐ

Նպատակ՝ ոտքի մկանների զարգացում:
Ընթացք՝ երեխաները նստում են լողավազանի եզրին, մասնագետի հրահանգով իջեցնում են ոտքերը «ջրի» մեջ և սկսում են ուրախ շարժել դրանք։

ՓՆՏՐԻՐ ՋՐԻ ՀԱՏԱԿԻՆ

Նպատակ՝ շոշափելիքի և մանր մոտորիկայի զարգացում։
Ընթացք՝ լողավազանի հատակին թաքցնել արդեն ծանոթ մի քանի առարկա և առաջարկել երեխաներին գտնել դրանք։ Կարելի է դժվարացնել առաջադրանքը՝ թաքցնելով այնտեղ ավելի փոքր առարկաներ։

ՃԿՈՒՆ ՈՏՔԵՐ

Նպատակ՝ ոտքի մկանների և հավասարակշռության զարգացում։
Ընթացք՝ լողավազանի եզրին նստելով՝ երեխաները փորձում են ոտքերով բարձրացնել գնդակները։ Առաջադրանքը դժվարացնելու համար խնդրում ենք նրանց հանել միայն մեկ գույնի և հստակ թվաքանակով գնդակներ։

Հարգելի´ ծնողներ, խաղացեք ձեր երեխաների հետ

Հարգելի´ ծնողներ, խաղն օգտագործեք որպես լավագույն միջոց ձեր երեխաների զարգացման ու դաստիարակության հարցում: Այս առումով ուշադրություն դարձրեք հետևյալին.
⦿ հատուկ ժամանակ հատկացրեք երեխային բացօթյա խաղերի համար, որպեսզի երեխաները կարողանան վազել, թռչկոտել, խաղալ և երևակայել:
⦿ Ընտրեք երեխայի համար իր տարիքին համապատասխան խաղալիքներ և խաղեր: Թույլ տվեք, որ նա զբաղվի նաև փայտի, ավազի հետ:
⦿ Թույլ մի՛ տվեք, որ երեխան շատ ժամանակ անցկացնի հեռուստացույցի կամ համակարգչի առջև: Երեխաները ընդհանրապես շատ ժամանակ են տրամադրում հեռուստացույցին և համակարգչային խաղերին, որոնք նրանց դարձնում են ոչ շարժունակ, քիչ հաղորդակցվող:
⦿ Մի՛ ծանրաբեռնեք երեխային զանազան պարապմունքներով և լուրջ աշխատանքներով: Թույլ տվեք նրան զբաղվել շարժական և զարգացնող խաղերով, որպեսզի նա հոգեպես և ֆիզիկապես առողջ մեծանա:
⦿ Խրախուսեք երեխային՝ մասնակցելու զանազան աշխատանքների, օրինակ՝ ընթրիքի պատրաստմանը, ավտոլվացմանը. դրանք նրա համար խաղի տպավորություն են թողնում: Նրանց ներգրավեք տնային աշխատանքներում, որը կնպաստի նրանց ինքնուրույնության,ինչպես նաև՝ ստեղծագործական, աշխատասիրության, ինքնասպասարկման կարողությունների զարգացմանը:
Խաղը վաղ հասակի երեխաների համար ստեղծված լավագույն կրթական ծրագրերի հիմնական տարրն է:
Նախադպրոցական տարիքի երեխաների մոտ զարգանում են որոշակի հմտություններ, որոնք ի հայտ են գալիս խաղի ժամանակ:
Խաղեր կամ խաղ-վարժություններ ընտրելիս պետք է հաշվի առնել երեխայի առանձնահատկությունները:
Խաղերը զարգացնում են հետևյալ հմտությունները.
⦿ Երեխայի ուշադրությունը, լսողությունը, հիշողությունը, ձայնային ազդանշանով արագ և ճիշտ կողմորոշվելու ունակությունը, շարժողական ակտիվությունը:
⦿ Երեխայի դիտողականությունը, տեսողական հիշողությունը, մտածողությունը, խոսքի ճկունությունը, տրամաբանությունը, համընդհանուր ուրախություն և աշխույժ մթնոլորտ ձևավորելը:
⦿ Վարքի կարգավորումը, ինքնատիրապետումը, կողմնորոշումը, ինքնավերահսկումը:
⦿ Հուզական աշխարհի հարստացումը:
⦿ Երևակայությունը, կռահելու ունակությունը, հանդուրժողականությունը, հարմարվողական վարքը:

ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ԽԱՂԱԼԻՔՆԵՐ

Առաջին հայացքից խաղալիքների ընտրությունը բարդ չի թվում: Սակայն նույնիսկ գլխապտույտ առաջացնող հաճելի և գեղեցիկ խաղալիքների աշխարհում չպետք է մոռանալ դրանց ընտրության հետևյալ չափանիշները:
1. Անվտանգություն
⦿ Գնեք խաղալիքներ խանութներից, այլ ոչ թե շուկաներից:
⦿ Վաճառող-խորհրդատուին խնդրեք, որպեսզի տրամադրի որոշակի տեղեկատվություն խաղալիքի ընտրության հարցում:
⦿ Ուշադրություն դարձրեք, թե խաղալիքը ինչ տարիքային խմբի համար է նախատեսված:
⦿ մինչև 2 տարեկան երեխայի համար խաղալիքը չպետք է փոքր լինի նրա բռունցքից, իսկ 2 տարեկանից հետո՝ նրա ցուցամատի և բութ մատի միացման շրջանից:
⦿ Մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված խաղալիքները չպետք է պարունակեն մանր մասեր: Երեխան կարող է դրանք կուլ տալ կամ մտցնել ականջը:
2. Մանրամասն զննում
Խաղալիքները պետք է լինեն ամուր և որակյալ, քանի որ երեխաները դրանք դնում են բերանը, կրծում են, գցում են հատակին, նստում դրանց վրա: Հետևաբար, խաղալիքները պետք է «դիմանան» այս ամենին՝ չվնասելով երեխաներին (օրինակ՝ չկոտրվեն, մանր բեկորներ չթողնեն և վերքեր չառաջացնեն): Կարևոր է նաև ընտրել լվացվող խաղալիքներ:
3. Տարիքին համապատասխան
Խաղալիքը պետք է համապատասխանի երեխայի տարիքին. այն չպետք է պարունակի մանր մասեր: Գնելով այնպիսի խաղալիք, որով Ձեր փոքրիկը կարող է խաղալ նաև ավելի մեծ տարիքում, կարող եք երեխային կանգնեցնել «բարդ խաղալիքից գլուխ հանելու» խնդրի առաջ, իսկ անհաջող փորձերը կարող են ստիպել երեխային կորցնել հավատը սեփական ուժերի հանդեպ:
4. Բազմազանությունն ամենից կարևոր է Ժամանակակից ծնողները խաղալիքների ընտրության հարցում շատ հաճախ կենտրոնանում են նորաձև՝ զարգացնող տեսակների վրա՝ մոռանալով սովորական գնդակների, բուրգերի և խորանարդիկների մասին, որոնք զարգացնում են մտավոր կարողություններ և այլ կարևոր հմտություններ: Դրանց միջոցով կարելի է հորինել բազմաթիվ խաղեր ու առաջադրանքներ՝ կախված ծնողի և երեխայի երևակայությունից:

«Պատկերներ»

Նպատակ` զարգացնել երևակայությունը
Անհրաժեշտ նյութեր` տարբեր գույնի և չափի կտրատված երկրաչափական պատկերներ
Ընթացք՝ օգտագործելով և համադրելով երկրաչափական տարբեր չափսի պատկերներ՝ շրջան, եռանկյուն, ուղղանկյուն, քառակուսի, երեխայի հետ ստեղծել որքան հնարավոր է շատ նոր պատկերներ, փորձել օգտագործել բոլոր երկրաչափական պատկերները։

«Փայտիկներ»

Նպատակ՝ զարգացնել տեսողական հիշողությունը
Անհրաժեշտ նյութեր՝ հաշվելու փայտիկներ՝ սովորական կամ գունավոր
Ընթացք՝ սեղանի վրա՝ երեխայի առջև, փայտիկներից ինչ-որ պարզ պատկերներ կառուցել՝ տնակ, քառակուսի, եռանկյուն և այլն։ Երեխային մի քանի վայրկյան հնարավորություն տալ ուշադիր նայել այդ պատկերներին, հետո ծածկել դրանք և խնդրել նրան փայտիկներով ստանալ նույն պատկերները։ Կարելի է այդ վարժությունը բարդացնել՝ պատկերները ստանալով տարբեր գույնի փայտիկներով։ Երեխան պետք է հիշի փայտիկների դասավորությունն ըստ գույների և հետո ինքնուրույն դասավորի դրանք։

«Պատկերներ»

Նպատակ` զարգացնել երևակայությունը
Անհրաժեշտ նյութեր` տարբեր գույնի և չափի կտրատված երկրաչափական պատկերներ
Ընթացք՝ օգտագործելով և համադրելով երկրաչափական տարբեր չափսի պատկերներ՝ շրջան, եռանկյուն, ուղղանկյուն, քառակուսի, երեխայի հետ ստեղծել որքան հնարավոր է շատ նոր պատկերներ, փորձել օգտագործել բոլոր երկրաչափական պատկերները։

«Փայտիկներ»

Նպատակ՝ զարգացնել տեսողական հիշողությունը
Անհրաժեշտ նյութեր՝ հաշվելու փայտիկներ՝ սովորական կամ գունավոր
Ընթացք՝ սեղանի վրա՝ երեխայի առջև, փայտիկներից ինչ-որ պարզ պատկերներ կառուցել՝ տնակ, քառակուսի, եռանկյուն և այլն։ Երեխային մի քանի վայրկյան հնարավորություն տալ ուշադիր նայել այդ պատկերներին, հետո ծածկել դրանք և խնդրել նրան փայտիկներով ստանալ նույն պատկերները։ Կարելի է այդ վարժությունը բարդացնել՝ պատկերները ստանալով տարբեր գույնի փայտիկներով։ Երեխան պետք է հիշի փայտիկների դասավորությունն ըստ գույների և հետո ինքնուրույն դասավորի դրանք։

Զարգացման խանգարումներով երեխաների հոգեշտկողական աշխատանքի կազմակերպումը

Ի տարբերություն դիզօնտոգենեզի մյուս ձևերի՝ վնասված զարգացումը պայմանավորված է երեխայի ուղեղի վրա պաթոլոգիական ներգործության ավելի ուշ ներգործությամբ (երկուսուկես-երեք տարեկանից հետո), երբ ուղեղային համակարգերի մեծ մասը հիմնականում արդեն ձևավորված է: Վնասված զարգացման մոդելներից մեկը օրգանական դեմենցիան է, հոգեկան ֆունկցիաների փլուզումը: Կարևոր նշանակություն ունի նաև հիվանդության առաջացման ժամանակը:
Գ. Ե. Սուխարևան առանձնացրել է օրգանական դեմենցիայի չորս տիպ՝
⦿ Առաջին տիպ – ընդհանրացման ցածր մակարդակի գերակայություն:
⦿ Երկրորդ տիպ - առաջին պլանում են կոպիտ նեյրոդինամիկ խանգարումները: Դա նկատելի է ուշադրության վատ տեղափոխման և կայունության, մտածողության կայուն տրամաբանական կառուցվածքի խանգարման ձևով:
⦿ Երրորդ տիպ – ակնհայտ է գործունեության դրդապատճառների ցածր մակարդակը, այնարտահայտվում է արտաքին աշխարհի հանդեպ անտարբերությամբ:
⦿ Չորրորդ տիպը – ակնհայտ են քննադատության և մտածողության նպատակաուղղվածության խանգարումներ՝ ուշադրության կոպիտ խանգարումներով և իմպուլսիվությամբ:
Վ. Վ. Լեբեդինսկին նշում էր, որ չորրորդ տիպի երեխաները տարբերվում են շարժումների ապաարգելակվածությամբ և կարճատև ագրեսիվ բռնկումներով: Ճանաչողական գործունեության ոլորտում այս երեխաներն ունենում են դժվարություններ ուշադրության նպատակաուղղվածության և մտապահման մեջ: Ըստ վնասման տեղակայման՝ առանձնացնում են լոկալ վնասված զարգացում և դիֆուզ վնասված զարգացում: Լոկալ վնասման դեպքում ճանաչողական ոլորտի առանձնահատկությունները որոշվում է ախտահարման տեղակայմամբ: Օրինակ՝ ութ տարեկանում քունքային հատվածում գանգուղեղային տրավմա ստացած երեխայի մոտ նկատվում են աֆազիկ խանգարումներ, ինչը բացասաբար է անդրադառնում գրելու և կարդալու յուրացման վրա: Դիֆուզ վնասման դեպքում ավելի շատ են արտահայտված հոգեկան գործառույթների խանգարումները: Դա արտահայտվում է աշխատունակության ցածր մակարդակով, գործունեության կարգավորման դժվարություններով, ինչպես նաև՝ բազմաթիվ աֆեկտիվ խանգարումներով:
Զարգացման խանգարումներ ունեցող երեխաների ուշադրության զարգացմանը միտված հոգեբանական աշխատանքների կազմակերպումը
Զարգացման խանգարում ունեցող երեխաների հետ իրականացվող հոգեբանական աշխատանքի ծրագիրը կազմելիս պետք է հաշվի առնել արդեն նկարագրած առանձնահատկությունները, որոնք որոշում են զարգացման յուրահատկությունները: Պարապմունքները կարելի է անցկացնել անհատական կամ խմբային ձևով` կախված երեխայի տարիքից, մոտիվացիայից, խանգարման կառուցվածքից և ծանրությունից: Խորհուրդ չի տրվում խմբերը կազմել միանման պաթոհոգեբանական սինդրոմներով երեխաներից: Խմբում չպետք է լինի երեք-չորս երեխայից ավելի երեխա: Ուշադրության ակտիվացման շտկումը պետք է իրականացվի փուլ առ փուլ՝ ինքնավերահսկողության հմտությունների զարգացման և դրանք տեղափոխելու ձեռք բերած ունակությունների հիման վրա: Երեխաներին առաջարկվում է ուղղել սխալները գրավոր աշխատանքներում կամ այլ հանձնարարություններում (Բուրդոնի թեստը, նախշերի սխալները, իմաստային անճշտությունները նկարներում և պատմվածքներում և այլն): Այս ընթացքում կիրառվում են նաև տարատեսակ հոգետեխնիկական խաղեր, որոնք երեխաների մեջ առաջացնում են վառ դրական հույզեր, նպաստում ոչ միայն հիշողության զարգացմանը, այլ նաև շփման, համատեղ գործունեության, ապրումակցելու հմտությունների ձևավորմանը:
Գրականություն 1. Г. Е. СУХАРЕВАКЛИНИЧЕСКИЕ ЛЕКЦИИ ПО ПСИХИАТРИИ ДЕТСКОГО ВОЗРАСТАМЕДГИЗ - 1955 - МОСКВА 2. Мамайчук И. И. Психологическая помощь детям с проблемами в развитии - СПб.: Речь, 2006. – 400 с.

Ուշադրության զարգացմանը միտված վարժություն

Վարժության նպատակը – Վարժությունը նպաստում է ուշադրության զարգացմանը, հրահանգների ընկալմանը, ինչպես նաև՝ նուրբ շարժողականությանը:
Ընթացքը - Երեխաները շրջանով նստում են աթոռներին: Հոգեբանը խնդրում է մատները հյուսել և դնել ծնկներին՝ բթամատները ազատ պահած: Հոգեբանը հրահանգում է՝ «Սկսեցինք»: Երեխաները սկսում են բթամատները պտտել մի ուղղությամբ՝ առանց իրար դիպչելու: Պետք է ուշադրությունը կենտրոնացնել այդ շարժման վրա: Հոգեբանը հրահանգում է «Ստոպ», և վարժությունը ավարտվում է: Այն տևում է հինգից տասնհինգ րոպե:
Մասնակիցները կարող են անսովոր զգացողություններ ունենալ՝ դյուրագրգիռություն կամ անհանգստություն: Այս վարժությունը ոչ միայն շտկողական, այլև ախտորոշիչ նշանակություն ունի, քանի որ հոգեբանին հնարավորություն է տալիս որոշելու կենտրոնացման ժամանակ երեխայի էներգետիկ ծախսերը:
Նմանատիպ խաղերը նպաստում են երեխայի հոգեկան գործընթացների զարգացմանը մասնավորապես՝ ուշադրությանը մտածողությանը և հիշողությանը: