Հոկտեմբերի 16-18-ը Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի (UCLA) հետ համագործակցությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում անցկացվեց եռօրյա վերապատրաստման դասընթաց ընտանեկան սթրեսի հաղթահարման ուսումնական ծրագրի (FOCUS) շրջանակում։
Դասընթացի թեմաներն էին․ «Դպրոցահասակ երեխաների տոկունության զարգացման ծրագիր» և «FOCUS վետերանների և զինծառայողների ընտանիքներին»։
Դասընթացը վարում էին ԱՄՆ Լոս-Անջելեսի կալիֆորնյան համալսարանի դասախոսներ Թոմաս Բաբայանը և Լորեն Մարլոտը։
Վերապատրաստումներին մասնակցում էին ԿԳՄՍ և Պաշտպանության նախարարությունների, Հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ներկայացուցիչներ, հանրակրթական ուսումնական հաստատությունների և այլ կրթական կազմակերպությունների հոգեբաններ և փորձագետներ։
Վերապատրաստումների նպատակն էր մասնագետներին նոր հմտություններ հաղորդել երեխաների հուզազգայական դիմադրողունակության բարձրացման՝ FOCUS-ում ներառված հինգ ունակությունների ձևավորման և զարգացման ուղղությամբ։ Մասնակիցները ծանոթացան դպրոցահասակ երեխաների հուզական կարգավորման, հաղորդակցության, նպատակների սահմանման, խնդիրներին լուծում տալու, սթրես հիշեցնող գործոնների կառավարման առանձնահատկություններին տարիքային տարբեր խմբերի հետ աշխատելիս:
Դասընթացներն անցկացվում էին երկու փոխլրացնող փուլերով՝ տեսական և գործնական, որոնց ընթացքում մասնակիցները հոգեբանական տարբեր մեթոդների և գործնական հմտությունների միջոցով ամրապնդեցին ստացած գիտելիքները։
Նշենք, որ Հայաստանում FOCUS նախագիծն իրականացվում է Հայկական Բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դրամաշնորհի և Քվեբեկի Հայկական բժշկական ասոցիացիայի (AMAQ) աջակցությամբ: