Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը Աշտարակի Արտեմի Այվազյանի անվան դպրոցում անցկացվեց «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագրի աշնանային շրջափուլը Արագածոտնի մարզի երաժշտական և արվեստի դպրոցների ուսուցիչների համար։
Ծրագիրն իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Ծրագրի գործընկերներից է նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը։
Ծրագրի շրջանակում մարզի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 60 ուսուցիչներ մասնակցեցին տեսական և գործնական դասընթացների, որոնք միտված էին մանկավարժների ներառական դասավանդման հմտությունների զարգացմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կարծրատիպերի վերացմանը, կրթության իրավունքի իրացման համար հնարավորինս հավասար պայմանների ապահովմանը։ Դասընթացներն անցկացվում էին Հայաստանի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից։
Մասնակիցները ծանոթացան հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու նոր սկզբունքներին ու մեթոդաբանությանը, արդիական գիտելիքներ ձեռք բերեցին ներառական կրթության առանձնահատկությունների, երեխաների բազմազանության, իրավական դաշտի, շրջակա միջավայրի հարմարեցման և մատչելիության մեխանիզմների, մանկավարժական հոգեբանության և էթիկայի, միջազգային փորձի և ներառական կրթության մեթոդաբանության վերաբերյալ՝ գործնական պարապմունքներով ամրապնդելով ստացած գիտելիքները։
Հոկտեմբերի 3-ին «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրն ամփոփեցին ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը և «Ֆորմիկա-արտ» ՍՊԸ ղեկավար Շահեն Նազարենկոն։ Իր ամփոփիչ խոսքում Հ․Ադամյանն անդրադարձավ հաշմանդամություն ունեցող երեխաների մշակութային կրթության արդի վիճակին ու առկա խնդիրներին, ինչպես նաև մշակութային ինտեգրման Հայաստանյան փորձին:
Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի մարտին: Գարնանային շրջափուլին մասնակցել է Երևանի, Արմավիրի և Լոռու մարզերի ուսումնական հաստատությունների 295 մանկավարժ: