Հոկտեմբերի 19-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներ Լանգի Ժաոյի և Ռոյ Սուրաբի հետ, որին ներկա էին ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների և հանրակրթական դպրոցների հոգեբանները։
Ողջունելով ներկաներին՝ ՀՄԿ տնօրեն Լ․Մնացականյանն անդրադարձավ ՀՄԿ-ի և ՏՄԱԿ-ների կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին տրամադրվող անհրաժեշտ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններին՝ մասնավորեցնելով, թե ինչ աջակցություն է ցուցաբերվում սովորողներին ուսումնական գործընթացում և դրանից դուրս, ինչ ռիսկային գործոններ են ի հայտ գալիս այդ ընթացքում, ինչպես նաև մարտահրավերների և դրանց դիմակայելու հնարավորությունների գնահատման մեխանիզմներին։ Նա կարևորեց նաև համագործակցությունը կրթության ոլորտի տարբեր կառույցների միջև, անդրադարձավ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերին՝ խոսելով հոգեբանների և մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների կարողունակությունների հզորացմանն ուղղված վերապատրաստման դասընթացների, ԿԱՊԿ գնահատումների, մշտադիտարկման, իրազեկող աշխատանքների և ՀՄԿ-ի կողմից իրականացվող այլ գործընթացների մասին։
Հանդիպման մասնակիցները ներկայացրեցին իրենց աշխատանքային գործունեությունը՝ անդրադառնալով մասնավորապես ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին ու նրանց ընտանիքներին իրենց կողմից տրամադրվող հոգեբանական աջակցության բնույթին և ծավալներին։
20.10.2023