ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը հուլիսի 14-ին կազմակերպել էին «Փոխակերպելով կրթությունը» ազգային խորհրդակցությունը։ Հանդիպման նպատակն էր մասնակցային և համակողմանի քննարկման եղանակով վերհանել ՀՀ կրթության ոլորտի առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլերը:
Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան, միջազգային գործընկերների և դեսպանությունների, պետական և համայնքային գերատեսչությունների, երիտասարդական և հասարակական կառույցների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, անկախ փորձագետներ:
Նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ Հայաստանը նույնպես կմասնակցի կրթության փոխակերպման հարցադրումների շուրջ գլոբալ երկխոսության գործընթացին:
Այն կնպաստի Հայաստանում ընթացող բարեփոխումներին, կրթության զարգացման երկարաժամկետ ռազմավարական պլանավորման գործընթացին, ու կհստակեցնի կրթության փոխակերպման առումով Հայաստանի հանձնառությունների շրջանակը:
Խորհրդակցության արդյունքները կօգտագործվեն 2022 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ժամանակ նախատեսված Կրթության փոխակերպման գագաթնաժողովին:
Սկզբնաղբյուր` UN Armenia – ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջ