Օգոստոսի 17-18-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» խորագրով արտագնա խորհրդակցություն։
Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, հանրակրթության, զարգացման ծրագրերի և մոնիթորինգի, անձնակազմի կառավարման, իրավաբանական, ֆինանսաբյուջետային վարչությունների, լիցենզավորման գործակալության, Կրթության տեսչական մարմնի, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ԳԹԿ-ի, ՀՄԿ-ի ներկայացուցիչները։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգի փոփոխության, ուսուցիչների մասնագիտական զարգացման, ատեստավորման, դպրոցներում նոր չափորոշիչների կիրառման, գնահատման, քննությունների անցկացման և վերանայման վերաբերյալ մի շարք հարցեր։
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև նախադպրոցական կրթության մասին նոր օրենքին, որով սահմանվում է նախադպրոցական կրթության ոլորտում նույնպես անցնել համընդհանուր ներառման կրթության համակարգին, որը կներդրվի փուլերով։ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը կներդրվի 2022թ. սեպտեմբերից։ Ըստ փոխնախարարի, կարևոր է հատկապես նախադպրոցական հաստատությունների՝ մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, ըստ այդմ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները նախադպրոցական կրթություն կստանան պետական ֆինանսավորմամբ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ առաջարկվող փոփոխությունները, լուծումներն ու լրացումները թույլ կտան մեծացնել համակարգի գործառնության արդյունավետությունը և խրախուսել կրթության զարգացման հնարավորությունները։
Սկզբնաղբյուր` ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ