Օգոստոսի 19-ին Տավուշի մարզից մեկնարկեցին ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ։
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը։
Խորհրդակցության սկզբում ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Երևանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների հիշատակը: Ժաննա Անդրեասյանն իր ելույթում նշեց աղետների և ռիսկերի կրթության անհրաժեշտության մասին՝ կարևորելով անվտանգության կանոնների ուսուցումը։
Ժ. Անդրեասյանը գոհացուցիչ որակեց նախորդ տարվա արդյունքները՝ շեշտելով, որ կան նաև լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ: Նա նաև անդրադարձավ հանրակրթության նոր չափորոշչին․ անցյալ տարի չափորոշիչները փորձարկվել են Տավուշի մարզի դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում։ Գալիք տարի փորձարկումը կշարունակվի և կներդրվի բոլոր 12 դասարաններում։ Հետագայում չափորոշիչները կլրամշակվեն և 2023 թվականի սեպտեմբերից փուլային կարգով կներդրվեն հանրապետության բոլոր դպրոցներում:
ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը ներկայացրեց հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանն առնչվող մի շարք պարզաբանումներ:
Խորհրդակցության ընթացքում խոսեցին պարտադիր և կամավոր ատեստավորման մասին։
Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը ներկայացրեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նոր կարգավորումները, նախադպրոցական հաստատությունների տնօրեններին ներկայացվող որակավորման պահանջներն ու մի շարք այլ հարցեր։
Հնչեցին բազմաթիվ հարցեր՝ դպրոցների շենքերի տեխնիկական վիճակի, աշխատավարձերի բարձրացման, ատեստավորման և այլ խնդիրների վերաբերյալ։
Սկզբնաղբյուր` ՀՀ ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջ