Oգոստոսի 23-ին ՅՈՒՆԻՍԵՖԻ տարածաշրջանային գրասենյակի կողմից կազմակերպվել էր «Ներառական և համաչափ կրթության փոխակերպում. աղքատության մեջ ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների խնամակալների դերը» թեմայով միջազգային առցանց աշխատաժողով։
Նպատակն էր՝ քննարկել աղքատության մեջ ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների խնդիրները, բացահայտել և ներգրավել շահագրգիռ կողմերի լայն շրջաններ, որոնք շփվում և համագործակցում են տվյալ ծնողների հետ:
Աշխատաժողովին մասնակցում էին Հայաստանի և արտասահմանյան երկրների ներառական կրթության փորձագետներ։
Պանելային քննարկումը բաղկացած էր երկու մասից․
➤ Կրթության մեջ աղքատության բացահայտում․ աղքատության մեջ ապրող երեխաների ծնողների դերը:
➤ Ներառական կրթության բարեփոխումների շրջանակում հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների կողմից իրենց երեխաներին աջակցության տրամադրման կարողությունների ուժեղացում:
Աշխատաժողովին զեկույցով հանդես եկավ նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը։ Զեկույցի թեման էր՝ «Ներառական կրթության բարեփոխումների մարտահրավերներն ու առաջնահերթությունները Հայաստանում»։ Տիկին Սվաջյանն իր խոսքում անդրադարձավ Հայաստանի Հանրապետությունում ներառական կրթության ներդրման և իրականացման դժվարություններին, ծրագրի իրականացման ընթացքում խոչընդոտների հաղթահարմանը և ապագայում պլանավորված բարեփոխումների իրագործմանը։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների և ուսուցիչների համար նախատեսված գրքույկ-ռեսուրսներ, որոնք մշակվել են Իննոչենտի ՅՈՒՆԻՍԵՖԻ կողմից և 2021թ-ին ՅՈՒՆԻՍԵՖԻ հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում փորձարկվել են ՀՄԿ-ի կողմից հանրապետության տարբեր մարզերի դպրոցներում և մանկապարտեզներում։
Գրքույկ-ռեսուրսները տպագրվել և բաշխվել են հանրապետության բոլոր դպրոցներին և մանկապարտեզներին։