Արտակարգ իրավիճակներում մասնագիտական օգնություն ցուցաբերելիս կարևոր է ճիշտ հասկանալ երեխայի հույզերը և համարժեքորեն արձագանքել։
Վախ։ Երբ տեսնում եք, որ երեխան, ում աջակցություն եք ցուցաբերում, վախեցած է, հարկավոր է․
- ✦ Խոսել հնարավորինս ցածր ձայնով, մեղմ տոնայնությամբ
- ✦ Աջակցություն ցուցաբերելու համար ընտրել անաղմուկ միջավայր
- ✦ Հաճախ օգտագործել «Ես հասկանում եմ քեզ» արտահայտությունը
- ✦ Անգամ եթե համարում եք, որ վախը հիմնավորված չէ, չասել այդ մասին
- ✦ Չթերագնահատել նրա ապրումները, չարժեզրկել հույզերը («դա անիմաստ վախ է», «նման բաներից չի կարելի վախենալ» սխալ արտահայտություններ են)
- ✦ Օգնել երեխային բացահայտել հիմնային վախը։
Բարկություն, ագրեսիա։ Երբ տեսնում եք, որ երեխան, ում աջակցություն եք ցուցաբերում, բարկացած է, ագրեսիվ վարք է դրսևորում, հարկավոր է․
- ✦ Խոսել հնարավորինս դանդաղ, պահպանել հանգստություն
- ✦ Տալ այնպիսի հարցեր, որոնք կօգնեն նրան խոսել իր բարկության պատճառների մասին
- ✦ Գիտակցել, որ ագրեսիվ վարքը և բարկությունը հուզական ցավի արտահայտման ձևեր են
- ✦ Չստիպել երեխային խոսել այն թեմաներից, որոնք իր համար ցանկալի չեն։
Հուզմունք։ Երբ տեսնում եք, որ երեխան, ում աջակցություն եք ցուցաբերում, հուզված է, լաց է լինում, հարկավոր է․
- ✦ Չարգելել արտահայտել հուզմունքը, ցուցաբերել ապրումակցում
- ✦ Առաջարկել մեկ բաժակ ջուր, հարցնել, թե ինչ է անհրաժեշտ
- ✦ Օգնել արտահայտել անհանգստացնող մտքերը
- ✦ Որպես մասնագետ պահպանել հանգստություն, փորձել կառավարել սեփական հույզերը․ դա հնարավորություն կտա երեխային պաշտպանված զգալ իրեն։