Փետրվարի 9-ին «Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող անձանց շահերի պաշտպանության հասարակական կազմակերպության և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի միջև համագործակցության հուշագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատաժողով «Լսողության խնդիրներ ունեցող երեխաների լիարժեք հարմարեցումներ ներառական կրթության մեջ» թեմայով։
Աշխատաժողովին ներգրավված էին հանրակրթական ուսումնական հաստատությունների, ՀՄԿ և ՀՀ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների լսողության խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատող հատուկ մասնագետները։
Աշխատաժողովը նպատակաուղղված էր ծանոթանալու ՄԱԿ կոնվենցիային, կամընտիր արձանագրությանը, նոր օրենքին և ԼԽՈՒ անձանց իրավունքներին, լսողության խնդիրներ ունեցող անձանց հետ շփման էթիկային, այդ երեխաների դերին ներառական կրթության մեջ, խելամիտ հարմարեցման հաջողված պատմություններին, ինչպես նաև վերհանելու և քննարկելու առկա խնդիրներն ու առաջարկելու դրանց լուծման հնարավոր տարբերակներ:
«Լռության ձայն» ՀԿ նախագահ Արտաշես Հովհաննիսյանը ներկայացրեց լսողության խնդիրներ ունեցող երեխաների կրթության իրականացման ընթացքում հանդիպող խնդիրները՝
- ✦ տեղեկատվության և հաղորդակցության մատչելիության բացակայություն,
- ✦ ոչ լիարժեք կրթություն,
- ✦ աջակցող ծառայությունների և այլ աջակցող միջոցների կարիք։
Դիտարկվեցին լսողության խնդիրներ ունեցող անձանց աջակցող տեխնոլոգիաներ և խելամիտ հարմարեցումներ տրամադրելուն առնչվող հարցեր, եղան ինտերակտիվ քննարկումներ։
Ներառական կրթության համատեքստում իրականացվող քայլերի ու բարեփոխումների մասին խոսեց նաև ՀՄԿ տնօրենի պարտականությունները կատարող Հայկուհի Ադամյանը՝ միաժամանակ պատասխանելով ներկաների հարցերին։
Ի դեպ, միջոցառումն իրականացվում է Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում։