Դաունի համախտանիշի վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացմանը, այդ համախտանիշ ունեցող մարդկանց խնդիրները բարձրաձայնելուն, հասարակության մեջ նրանց դերը կարևորելուն, նրանց ինքնաիրացմանն ու իրավունքների իրացմանը, ներառականությանը և կարծրատիպերը կոտրելուն են միտված այս օրվա հանրային միջոցառումները։
Վիճակագրության համաձայն՝ աշխարհում 700-800 երեխայից մեկը ծնվում է Դաունի համախտանիշով։ Այն կախված չէ երկրից, կլիմայական ու սոցիալական պայմաններից, ինչպես նաև ծնողների ապրելակերպից, նրանց առողջական վիճակից, վնասակար սովորություններից, սննդից, մաշկի գույնից կամ ազգային պատկանելությունից։ Համախտանիշի առաջացումը գենետիկ պատահականության արդյունք է։
Դաունի համախտանիշ ունեցողներին անվանում են նաև արև-մարդիկ, որովհետև նրանք սիրում են ժպտալ։ Հետազոտությունները փաստում են, որ Դաունի համախտանիշ ունեցող բոլոր անհատները համապատասխան աջակցություն և հնարավորություն ունենալու դեպքում կարող են իրացնել իրենց ներուժը և կարևոր դերակատարություն ունենալ հասարակության համար։