Այսօր՝ հոկտեմբերի 11-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «Մասնագիտական կողմնորոշման խմբակների գործառնությունը հանրակրթական դպրոցում» թեմայով սեմինարը ՀՄԿ և ՏՄԱԿ-ների սոցիալական մանկավարժների համար, որը վարեց մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՄԿ Բովանդակային մշակումների բաժնի մասնագետ Հակոբ Թադևոսյանը։ Սեմինարը տվյալ թեմայի շրջանակներում ներկայացված նյութի շարունակությունն է՝ արդեն իսկ գործնական ուղղվածությամբ։
Սեմինարավարը ներկայացրեց հանրակրթական ուսումնական հաստատություններում «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի շրջանակներում մշակված թեմատիկ պլանավորումները՝ ըստ դասարանների, ինչպես նաև՝ գործնական առաջադրանքների նպատակները, ընթացքը, SWOT գործիքի կիրառման առանձնահատկությունները։
Առանձնակի ներկայացվեցին «Ինչպես հաղորդակցվել մարդկանց հետ․ հաղորդակցման տեսակները» և «Մանկավարժական կողմնորոշման գործընթացը սկսվում է ինքնաճանաչումից» թեմաներն՝ իրենց ենթահարցերով։
Սեմինարը հագեցած էր հարց ու պատասխաններով, դեպքերի քննարկումներով, դրանց վերլուծությամբ։ Վերջում սեմինարավարը կիսվեց մասնակիցների հետ թեմայի շրջանակներում մշակված նյութերով: