Այսօր, հոկտեմբերի 13-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանն ընդունել են Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Ռենատա Ֆրեյտաս Լեմոսին և խորհրդատու Խավիեր Բոտերոյին:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալները ներկայացրել են կրթության ոլորտում ընթացող բարեփոխումները և անդրադարձել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերին, այդ թվում՝ «ԵՄ-ն հանուն նորարարության (EU4Innivation)» և «Կրթության բարելավում» ծրագրերի իրականացման ընթացքին։
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել շարունակել կրթության զարգացման ծրագրերի աջակցությունը` նշելով, որ մարդկային կապիտալի զարգացումը ՀԲ առաջնահերթություններից է: Քննարկվել են նաև Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը, դպրոցների հիմնանորոգմանը, բնագիտական և ինժեներական լաբորատորիաների ստեղծմանը, կրթության ոլորտի օրենսդրության փոփոխություններին առնչվող մի շարք հարցեր:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները այցելեցին նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն, որտեղ տեղի ունեցավ հանդիպում ՀՄԿ տնօրեն Ա․ Սվաջյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ներառական կրթության շրջանակներում իրականացվող բարեփոխումները, անդրադարձ կատարվեց ոլորտի առկա խնդիրներին, կարծիքներ փոխանակեցին իրականացված արդյունավետ համագործակցության և հետագա ծրագրերի վերաբերյալ։ Նշենք, որ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը 2021թ-ին նույնպես ներգրավված էր Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական չափորոշչի փորձարարական ներդրման ծրագրին, որն իրականացվում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Համաշխարհային բանկի գործընկերային ծրագրի «Եվրամիությունը հանուն նորարարության» նախաձեռնության շրջանակներում։
Սկզբնաղբյուր` ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ