e-draft.am հանրային քննարկման հարթակում հրապարակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի N370-ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը, համաձայն որի «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը սահմանելու մասին» N 370-Ն հրամանի հավելվածը շարադրվում է նոր խմբագրությամբ։
Նախագծով առաջարկվում են մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան բարելավելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրամադրվող կրթական ծառայությունների որակը՝ նպաստելով իրական ներառմանը։ Խոսքը, մասնավորապես, տարբեր մակարդակներում գործառույթների և պատասխանատվությունների հստակ բաշխման, կրթական առանձնահատուկ պայմանների կարիքի առավել հասցեական սահմանման և գնահատման, գործընթացի թվայնացման, մշտադիտարկման և գնահատման մեխանիզմների ներդրման մասին է։
Առաջարկվող փոփոխություններն ուղղված են նաև ներառական կրթությանը վերաբերող դրույթներում առավելապես կրթական քաղաքականությունն ուղղորդելու և բժշկական մոտեցումներից խուսափելու սկզբունքի հետևողական կիրառմանը։ Առավել ամբողջական մոտեցմանն է ուղղված մյուս փոփոխությունը, ըստ որի՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացը դիտարկում է որպես մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման մաս:
Իրավական ակտի գործարկման արդյունքում հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացը` ապահովելով յուրաքանչյուր երեխայի համար մատչելի և հասանելի կրթության հնարավորություն:
Սկզբնաղբյուր` Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք