2023 թվականի հունիսի 22-ին մեկնարկել են «Երեխաների հանդեպ բռնության կանխարգելում և արձագանքում» թեմայով վերապատրաստման դասընթացները, որին մասնակցելու են ՀՀ մարզերի 45 դպրոցների շուրջ 900 մանկավարժներ։
«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից և իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մանկական զարգացման հիմնադրամի, Կանանց աջակցման կենտրոնի և «ԱՌՆԱՊ» հիմնադրամի կողմից, ուղղված է հզորացնելու սոցիալական պաշտպանության համակարգը Հայաստանում արդյունավետ համայնքային սոցիալական աշխատանքի միջոցով և բարելավելու առավել խոցելի երեխաների և նրանց ընտանիքների կյանքը։
Դասընթացները կազմակերպվել են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ։
Դասընթացների նպատակն է նպաստել կրթության ոլորտում աշխատող մանկավարժների կարողությունների զարգացմանը՝ հնարավորություն տալով նրանց հասկանալ, թե ինչ է երեխաների հանդեպ բռնությունը, պատկերացում կազմել երեխաների պաշտպանության համակարգի մասին, հայտնաբերել բռնության դրսևորումները և արդյունավետ լուծումներ տալ առաջացած խնդիրներին։