ԱՐՄԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
«Մենք կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանության հասարակական կազմակերպության ղեկավար
Ա․ Սահակյանը կրթական-զարգացնող ծրագրերի և երեք վեբ-հավելվածների համահեղինակ է։ Վերապատրաստվել է որպես հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության փորձագետ՝ մասնակցելով դասընթացների Հայաստանում և արտերկրում: Արմինեն հաշմանդամություն ունեցող երիտասարդի մայր է։ Մատչելի, հասանելի ներառական միջավայր ստեղծելու ուղիների որոնումը առիթ հանդիսացավ որդու համար մշակելու և զարգացնելու նոր մեթոդներ, որոնք ընդլայնում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շատ երեխաների կրթվելու հնարավորությունները։
EduArmenia2023 աշխատաժողովին Ա․ Սահակյանը ներկայանում է «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՆՈՐ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ» թեմայով։
Այլընտրանքային մեթոդները՝ որպես կրթական նոր հնարավորությունների միջավայր, ներկայացվում են հաշմանդամություն ունեցող երիտասարդի ծնողի փորձառության տեսանկյունից։ Դիտարկվում է դրանց դրական ազդեցությունը գրելու, կարդալու դժվարություններ ունեցող անձանց կյանքում կրթվելու և նոր կարողություններ ձեռք բերելու ընթացքում։ Զեկույցում ներկայացված են նաև կազմակերպության տասնամյա գործունեության ընթացքում կրթական մոդուլների ստեղծման մանրամասները, դրանց կիրարկման արդյունքները, ինչպես նաև հեղինակային երեք այլընտրանքային կրթական վեբ-հավելվածները։