2023թ-ի հուլիսի 3-ին հայկական պետական մանկավարժական համալսարանում մեկնարկեցին EduArmenia2023 համահայկական գիտակրթական չորրորդ աշխատաժողովի առերես հանդիպումները։
Ներկաներին ողջունեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, EduArmenia նախաձեռնության համահիմնադիր Լիլիթ Մկրտչյանը,ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը, Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հիմնադիր Մարինա Գալստյանը, Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը, «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։
Ա․ Սվաջյանն իր խոսքում կարևորեց EduArmenia2023-ի՝ համահայկական մանկավարժական ներուժը համախմբելու և դեպի զարգացում ուղղորդելու նախաձեռնությունը։ Նա ընդգծեց կրթության յուրաքանչյուր մասնակցի, շահակից խմբի ու օղակի կարևորությունը՝ հաշվի առնելով նրանց ազդեցությունը հանրակրթության համընդհանուր, բազմաշերտ փոփոխությունների այս փուլում, անդրադարձավ նաև հանրակրթության ոլորտին վերաբերող համակարգային փոփոխություններին։
Աշխատաժողովը սկսվեց պլենար քննարկումներով։ «Ներառական կրթության մարտահրավերները․ ձեռքբերումներ, խոչընդոտներ» խորագրով քննարկման խոսնակներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը, ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը, ՅՈւՆԻՍԵՖ Հայաստանի կրթական ծրագրերի համակարգող Հասմիկ Առաքելյանը, ՀՊՄՀ հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Թերեզա Ազատյանը և «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը։ Բանախոսներն անդրադարձան ՀՄԿ-ի հետ ակտիվ ու բազմաշերտ համագործակցությանը, համընդհանուր ներառականության ընկալման կարևորությանը, ինչպես նաև այդ գործընթացում ուսուցիչ-ծնող, ուսուցիչ-ուսուցիչ համագործակցությանը, ուսումնառության համար հասանելի, մատչելի կրթական միջավայրի ապահովման անհրաժեշտությանը՝ որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացման երաշխիք։
EduArmenia2023-ի «Ներառական կրթություն» բաժնի աշխատարանները կազմակերպվել էին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից Հայկակական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ։
Հուլիսի 3-ին և 4-ին ներառական կրթության բլոկում առկա և հեռավար ձևաչափով զեկույցներով հանդես եկան շուրջ 30 խոսնակներ։ Թեմաները բազմազան էին․ խոսնակներն անդրադարձան ներառական կրթության կազմակերպման և իրականացման մարտահրավերներին, հնարավորություններին ու հեռանկարներին վերաբերող արդիական հարցերին ու հիմնախնդիրներին՝ կարևորելով գործընթացի արդյունավետության բարձրացման նորարարական մոտեցումներն ու քայլերը։
Հանդիպումներն անցան հետաքրքիր և ջերմ մթնոլորտում։
Ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀՄԿ տնօրեն Լ․Մնացականյանը՝ երախտիքի խոսք ուղղելով աշխատաժողովի կազմակերպիչներին, համագործակցող բոլոր կառույցներին, խոսնակներին և մասնակիցներին։
Լիահույս ենք, որ աշխատաժողովի ընթացքում նախանշված ուղերձներն ու մանկավարժական ներուժի համախմբումը կնպաստեն համագործակցության նոր հարթակների ձևավորմանը և կրթության կազմակերպման արդյունավետության բարձրացմանը։