2021թ․ ապրիլի 27-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «Նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում Հայաստանի Հանրապետությունում» թեմայով աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ․ Անդրեասյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ոլորտի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ ՀՄԿ ղեկավար կազմը՝ ի դեմս տնօրեն Ա․ Սվաջյանի։
Հանդիպման նպատակն էր ներկայացնել Նախադպրոցական համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման ժամանակացույցը (ՀՀ կառավարության ապրիլի 15-ի N598–Ն որոշում), քննարկել նախապատրաստական աշխատանքներն ու վերհանել հնարավոր խնդիրները:
Համաձայն վերոնշյալ ժամանակացույցի Նախադպրոցական համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրումը նախատեսվում է իրականացնել 3 փուլով`
✦ 2021թ. նախապատրաստական աշխատանքների իրականացում
✦ 2022թ. Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցական համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում
✦ 2023թ. Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Վայոց Ձորի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում նախադպրոցական համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում:
Բոլոր փուլերում աշխատանքներն իրականացվելու են մի քանի ուղղություններով`
✦ համընդհանուր ներառականության ներդրման վերաբերյալ իրազեկման բարձրացում՝ տեղեկատվական արշավների անցկացման և գործողությունների իրականացման արդյունքների լուսաբանման միջոցով։
✦ Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստման մոդուլների մշակում և վերապատրաստման դասըթնացների անցկացում:
✦ ՏՄԱԿ-ների մասնագետների վերապատրաստում՝ Կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող նախադպրոցականներին մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման գործըթնացի վերաբերյալ:
✦ Նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գնահատման գործիքակազմի մշակում և կիրարկում:
✦ Նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության և զարգացման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի և ձևաթղթերի մշակում և կիրարկում:
✦ Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական ուսումնական հաստատություններում ներառման և մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման գործընթացների մշտադիտարկում։