2023 թ․ ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը։
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի հավաստմամբ՝ փոփոխությունները պայմանավորված են մի շարք ուղղություններով հստակ կարգավորումներ ունենալու պահանջով:
Նախագիծը, ի թիվս այլ հարցերի, միտված է կարգավորելու կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանը, ինչպես նաև նախադպրոցական կրթության ոլորտում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրմանն առնչվող հարցեր։
Նախադպրոցական կրթությանը վերաբերող մյուս փոփոխություններով նախատեսվում են նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր վերապատրաստումներ յուրաքանչյուր հինգ տարին մեկ, ՆՈւՀ-ի ղեկավարման իրավունքի (հավաստագրի ստացում առանց պարտադիր վերապատրաստման) և ղեկավարման ժամկետի հստակեցում, զարգացման կենտրոնների և նախադպրոցական ծառայություններ մատուցող կազմակերպությունների լիցենզավորում, լիցենզավորման ժամկետների երկարաձգում մինչև 2023 դեկտեմբերի 10-ը և այլն:
Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
Սկզբնաղբյուր` ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ