2024թ․ ապրիլի 23-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում մեկնարկել է «Տրավմայի վրա հիմնված արտթերապիա» թեմայով եռօրյա վերապատրաստման դասընթացը։ Դասընթացը կազմակերպվել է ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ խոսնակների» ծրագրի շրջանակում։ Դասընթացավարն է հոգեկան առողջության խորհրդատու և արտթերապիստ Դեյվիդ Միտչելը, ով ավելի քան 25 տարի աշխատում է այս ոլորտում։
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, դասընթացավար Դեյվիդ Միտչելը, ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, ՀՄԿ-ի և կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես եկավ ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը։ Նա բարձր գնահատեց համագործակցությունը ԱՄՆ դեսպանատան հետ՝ ընդգծելով արտթերապիայի դերը հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների հետ աշխատանքի համապատկերում։ Անդրադառնալով մասնագետների ու մանկավարժների հոգեհուզական տարբեր իրավիճակներին առերեսմանը՝ նա կարևորեց նրանց մասնագիտական կարողությունների նոր գիտելիքներով ու արտթերապևտիկ տեխնիկաներով հարստացման անհրաժեշտությունը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը խոսեց ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին ու նրանց ընտանիքներին տրամադրվող հոգեբանական աջակցության կարևորության, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող տարբեր ծրագրերի մասին, որոնք միտված են նրանց առավել հեշտությամբ և սահուն կրթահամակարգի մեջ ներգրավելուն։ Կարևորելով հետտրավմատիկ իրավիճակներում համապատասխան հոգեբանական աջակցության տրամադրումը՝ նա հույս հայտնեց, որ մեկնարկող դասընթացի շրջանակում փոխանցվող գիտելիքները և ձևավորվող կարողությունները կնպաստեն այս երեխաների հետ իրականացվող աշխատանքների ճիշտ կազմակերպմանը։ Արժևորելով ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ աշխատանքի փորձը և համատեղ իրականացվող ծրագրերը՝ նա շնորհակալություն հայտնեց դեսպանատանը բարդ իրավիճակներում թիրախային միջամտությունների իրենց փորձով կիսվելու համար։
Ներկաներին ողջունեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստին Քվինը։ Նա անդրադարձավ տրավմաներին ուղղված արտթերապիայի ուսումնական ծրագրին՝ կարևորելով հետտրավմատիկ բարդությունների, ինչպես նաև դրանց հաղթահարման գործում արտթերապևտիկ միջամտության արդյունավետությունը։ Դեսպանը վերահաստատեց ԱՄՆ հանձնառությունը՝ սատարել Հայաստանի Հանրապետությանը ավելի ամուր և կայացած հասարակություն կառուցելու գործում և հույս հայտնեց, որ այս կրթական ծրագիրը կօգնի հայ մասնագետներին հնարավորինս արդյունավետորեն իրականացնել տեղահանված բնակչությանը հոգեբանական աջակցություն տրամադրելու գործընթացը։ Նա առանձնահատուկ երախտիք հայտնեց ՀՄԿ-ին այս ծրագրի իրողություն դառնալու գործում անգնահատելի աջակցության համար։
23.04.2024