2024թ․ ապրիլի 22-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում հյուրընկալվել էին Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Մայրաք Վեյսբախ Հիմնադրամի բարերարներ Մայքլ և Մյուրիել Վեյսբախները։
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանի ուղեկցությամբ նրանք շրջայց կատարեցին Կենտրոնում, ծանոթացան ՀՄԿ-ի ընթացիկ աշխատանքային գործունեությանը։ Հյուրերը առանձնակի հետաքրքրություն ցուցաբերեցին Կենտրոնում իրականացվող այլընտրանքային աջակցության ծառայություններից կավաթերապևտիկ ծառայությունների նկատմամբ, որն, ի դեպ, իրականություն է դարձել հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Այնուհետև տեր և տիկին Վեյսբախները ներկա գտնվեցին «Ջրաշուշանի ճամփորդությունը» ներկայացմանը, որը ևս կյանքի էր կոչվել Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Մայրաք Վեյսբախ Հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Ներկայացումը դիտելու էին եկել նաև «Գիտակ» դպրոցի աշակերտները։ Նրանք ոգևորությամբ հետևեցին իրենց դասընկերոջ խաղին, ով ՀՄԿ «ՄԻԱՍԻՆ» թատերախմբի դերասանուհիներից է:
Թատերախումբը հանդիսատեսին տեղափոխեց ջրաշուշանների լճակ, որտեղ նրանք ականատեսն ու մասնակիցը դարձան դժվարություններից չընկճվող և Բարության, Ճշմարտության և Համբերության գանձերով զինված սերմիկների պայքարի պատմությանը:
ՀՄԿ դահլիճում տիրում էր ջերմ ու զգացմունաքառատ մթնոլորտ․ ներկայացման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը՝ իր երախտիքը հայտնելով Հայ օգնության ֆոնդին և Մայրաք Վեյսբախ Հիմնադրամին, որոնց աջակցությամբ և ջանքերով «Ջրաշուշանի ճամփորդությունը» մեկնարկել և շարունակում է իր ընթացքը:
ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն, ծրագրերի տնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանը ևս բարձր գնահատեց պատանիների դերասանական խաղն ու ասելիքը ճիշտ և նպատակային շեշտադրումներով մատուցելու հմտությունը։ Նա նշեց, որ ներկայացման յուրաքանչյուր դիտում առանձնացել է տպավորությունների թարմությամբ և նոր գույների հայտնաբերմամբ:
Թատերախմբի ողջունեց նաև տիկին Մյուրել Վեյսբախը։ Առանձնահատուկ հիացմունք արտահայտելով պատանի դերասանների խաղի անմիջականության, կատարողական արվեստին տիրապետելու հմտության մասին՝ իր գնահատանքն արտահայտեց թատերարվեստի ու նրա զարգացնող հնարավորությունների վերաբերյալ։ Նա կարևորեց «Ջրաշուշանի ճամփորդությունը» ներկայացման ուղերձը տեղ հասցնելու երեխաների դերասանական վարպետությունն ու վճռականությունը՝ շեշտելով ներկայացման կարգախոսը, որը պետք է ուղենիշ դառնա յուրաքանչյուր երեխայի կյանքում՝
«Ինչ էլ որ լինի, մենք չենք հանձնվի
Ու կշարժվենք միշտ առաջ, միշտ առաջ․․․»։
22.04.2024