2024 թ․ ապրիլի 18-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում կազմակերպվել էր «Էրգոթերապիա» թեմայով սեմինար, որին մասնակցում էին ՀՄԿ-ի և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների էրգոթերապիստները, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող այլ մասնագետներ։
Սեմինարավարն էր ՀՄԿ բովանդակային մշակումների բաժնի մասնագետ, ՀՊՄՀ պրոռեկտոր, մ․գ․թ․, դոցենտ Մարիաննա Հարությունյանը։ Նա ներկայացրեց էրգոթերապիայի՝ որպես երիտասարդ մասնագիտության, էությունը, նրա կարևորությունն ու դերը արդի հասարակության մեջ, մանրամասնեց, թե որն է էրգոթերապիայի նպատակը, նրա հիմնական դրույթները, գործառույթները, խոսեց էրգոթերապիստի գործունեության ձևերի, մոտեցումների, միջամտության, մասնագիտության աշխատանքային կառուցվածքների մասին։ Էրգոթերապիան դիտարկելով որպես մարդկանց առողջության և բարեկեցության համար իրականացվող առօրյա գործողությունները կազմակերպելու և նրանց օգնելու արվեստ ու գիտություն՝ կարևորվեց ստեղծագործականության և ընտանիքների հետ համագործակցության դերը՝ արդյունավետ և թիրախային աշխատանք ապահովելու նպատակով։ Առավել մանրամասն անդրադարձ կատարվեց աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատանքի առանձնահատկություններին և միջամտության ձևերին ու եղանակներին, ինչպես նաև նրանց շփման, հաղորդակցման և շարժողական հմտությունների բարելավման և զարգացման գործում էրգոթերապևտիկ միջամտության դրական ներգործությանը։
Սեմինարի ընթացքում մասնակիցները բարձրաձայնեցին իրենց մասնագիտական գործունեության ընթացքում ի հայտ եկած խնդիրների մասին, քննարկեցին մասնագիտության առանձնահատկություններին վերաբերող հարցեր։
19.04.2024