Այսօր՝ 2024 թ․ ապրիլի 17-ին, Ղազախստանի Աբայի անվան ազգային մանկավարժական համալսարանի Հատուկ մանկավարժության ամբիոնի դոկտորանտները հյուրընկալվել էին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում:
Դոկտորանտները Հայաստանում են իրենց գիտական աշխատանքների շրջանակում ՀՊՄՀ-ում գիտական գործունեություն իրականացնելու, հատուկ մանկավարժության և համընդհանուր ներառական կրթության մեր փորձին ծանոթանալու նպատակով։
ՀՄԿ տնօրեն Լ․ Մնացականյանը հյուրերին ներկայացրեց Կենտրոնի գործունեության առանցքային ուղղությունները, ծանոթացրեց Հայաստանում իրականացվող համընդհանուր ներառական կրթության գործընթացին, անդրադարձավ ոլորտում առկա խնդիրներին և դրանց հաղթահարմանն ուղղված ժամանակակից մոտեցումներին ու ծրագրերին։ Մեր ղազախ գործընկերներն էլ իրենց հերթին ներկայացրեցին Ղազախստանի կրթական համակարգը` մասնավորապես անդրադարձ կատարելով ներառական կրթությանը վերաբերող հարցերին, դժվարությունների հաղթահարման իրենց մեթոդներին, մոտեցումներին, արդյունավետ փորձին:
Լ․ Մնացականյանի ուղեկցությամբ նրանք շրջայց կատարեցին Կենտրոնի տարբեր ստորաբաժանումներով՝ հանգամանորեն ծանոթանալով և տեղեկանալով ՀՄԿ-ի գործունեությանը։ Հյուրերը հետաքրքրությամբ լսեցին մեր մասնագետներին, զրուցեցին նրանց հետ, քննարկեցին ոլորտին վերաբերող խնդիրները, դրանց առանձնահատկություններն ու նմանությունները երկու երկրներում: Նախանշվեցին համագործակցության հեռանկարները՝ ներառական կրթության ոլորտում արդյունավետ փորձի փոխանակման, նորարարական մեթոդներին ծանոթանալու և դրանք կիրառելու հմտություններ ձեռք բերելու ուղղությամբ։
17.04.2024