2024թ․ ապրիլի 23-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» Perkins School for the Blind կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում անցկացվեց վեբինարների այս շարքի տասներկուերորդ վեբինարը՝ «ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ ԵՎ ՆՐԱ ԿԱՊԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՅԼ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՀԵՏ» թեմայով:
Վեբինարի բանախոսն էր «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Ելենա Շպյոնյակը։
Վեբինարը շարժողական հմտությունների և զարգացման այլ ոլորտների հետ նրա փոխադարձ կապերի մասին էր:
Բանախոսն անդրադարձավ երեխայի տիպային զարգացմանը, տարբեր փուլերում ձեռք բերած հմտություններին՝ շեշտադրելով զարգացման բոլոր այն բաղադրիչները, որոնք փոխներգործության մեջ են՝ իմացություն, հաղորդակցություն, սոցիալական ու հուզական զարգացում, խոշոր ու մանր շարժողական հմտություններ։ Մասնակիցները տեղեկատվություն ստացան նյարդային զարգացման տարբեր խանգարումներով պայմանավորված շարժողական հմտությունների վերաբերյալ, դիտեցին տեսանյութ զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաների, նրանց հետ աշխատանքի ձևերի, մեթոդների ու եղանակների յուրահատկությունների մասին, ծանոթացան վաղ միջամտության համալիր մոտեցման ուղենիշներին:
Բանախոսը կարևորեց համալիր մոտեցման և միջավայրային հարմարեցումների անհրաժեշտությունը վաղ միջամտության դեպքում, ինչպես նաև համապատասխան ազդակների փոխանցումը՝ երեխայի ուսումնասիրելու, շարժվելու և խաղալու ձգտումը խրախուսելու նպատակով։
Հիշեցնենք, որ վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։ Հետևեք մեր էջին՝ հաջորդ վեբինարի մանրամասներին տեղեկանալու համար։
25.04.2024