2024թ․ ապրիլի 29-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում «ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԻՔ» թեմայով։ Կլոր սեղանը միտված էր դպրոցներում ներառականության գնահատման գործիքի փորձարկման արդյունքների և նրա ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների քննարկմանը:
Բացման խոսքով ներկաներին ողջունեցին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը, ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի ներկայացուցիչ Արևիկ Թումասյանը։
Քննարկմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-Հայաստան-ի, Հայ օգնության ֆոնդի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ԿԶՆԱԿ-ի, Մանկական զարգացման հիմնադրամի, կրթության ոլորտում գործող այլ հիմնադրամների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների և դպրոցների տնօրեններ, կրթության փորձագետներ։
Փորձագիտական խումբը, որում ներգրավված էին ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը, ՀՄԿ մասնագետներ Անի Գարեգինյանը, Մարինա Հովհաննիսյանը, Լիանա Մարգարյանը, ներկայացրեց դպրոցներում ներառականության գնահատման գործիքի մշակման գործընթացը, մեթոդաբանությունը, փորձարկման արդյունքները և արձագանքները։
Այնուհետև դպրոցների տնօրեններն անդրադարձան «Դպրոցներում ներառականության գնահատման գործիքի» վերաբերյալ իրենց դիտարկումներին, ներկայացրեցին իրականացված աշխատանքներն ու գործընթացները։
Ակտիվ հարց ու պատասխանի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց մասնագիտական տեսակետները, քննարկվեցին առաջադրված խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։
Միջոցառումն ամփոփեց ՀՄԿ տնօրեն Լ․ Մնացականյանը՝ նշելով, որ Գործիքի կիրառման արդյունքում վերհանված տվյալները կարող են օգտագործվել հանրապետությունում ներառական կրթության արդյունավետության բարձրացման, զարգացման և կատարելագործման նպատակով, ինչպես նաև կօգնեն դպրոցներին առավել նպատակային արձագանքել իրենց առջև դրված պահանջներին։ Նա շնորհակալություն հայտնեց ՀՄԿ փորձագիտական խմբին և «Հայկական Կարիտաս»-ին արդյունավետ համագործակցության համար՝ նախանշելով ներկայացված դիտարկումների ու առաջարկությունների կարևորությունը գործիքի լավարկման գործընթացում։
30.04.2024