2024թ․ ապրիլի 23-25-ը ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ խոսնակների» ծրագրի շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ եռօրյա վերապատրաստման դասընթաց «Տրավմայի վրա հիմնված արտթերապիա» թեմայով։ Դասընթացի նպատակն էր արտթերապիայի և էքսպրեսիվ թերապիայի նոր հմտություններ փոխանցել հոգեբաններին և արտթերապիստներին՝ հարստացնելով նրանց գործիքակազմը։ Դասընթացը վարում էր հոգեկան առողջության խորհրդատու և արտթերապիստ Դեյվիդ Միտչելը, ով հոգեթերապիայի ոլորտում աշխատանքի իր ավելի քան 25-ամյա փորձի արդյունքում ձեռք բերված մասնագիտական հմտությունները (որից վերջին 10 տարին՝ թախծի և վշտի հաղթահարման հարցերով թերապիայի ուղղությամբ) փոխանցեց հայ գործընկերներին։
Վերապատրաստմանը մասնակցում էին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), Մանկական զարգացման հիմնադրամի, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի, ոլորտում գործող այլ հասարակական կազմակերպությունների տարբեր մասնագետներ, ինչպես նաև հոգեբաններ Լեռնային Ղարաբաղից։
Վերապատրաստման ընթացքում դիտարկվեցին արտթերապիայի տարատեսակ միջամտություններ: Մասնակիցները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին արտթերապևտիկ միջամտությունների նկատմամբ, ծանոթացան արտթերապիայի տարբեր հմտություններին, հնարքներին և տեխնիկաներին՝ հիմնական շեշտադրումներն ուղղելով տրավմայազգայուն արտթերապիային և թիրախավորելով մասնավորապես հոգեբանական օգնությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը՝ հաղթահարելու վշտի զգացումը, դրական կապեր ստեղծելու իրականության հետ։
Այնուհետև մասնակիցները միասին քննարկեցին դասընթացի արդյունավետությունը հետտրավմատիկ իրավիճակներում աշխատելու գործնական նոր հմտությունների ձեռքբերման տեսանկյունից, հնչեցրին կարծիքներ և առաջարկություններ, որոնց վերլուծության հիման վրա իրականացվեց համատեղ դասավանդում։ Հաճելին օգտակարի հետ համատեղելով՝ նրանք ծանոթացան նաև Կենտրոնի կողմից իրականացվող այլընտրանքային/արտթերապևտիկ նախագծերից մեկին՝ ՀՄԿ «ՄԻԱՍԻՆ» թատերախմբի գործունեությանը՝ դիտելով թատերախմբի «ԱՐԵՎԱԼՈՒՍԻՆ» ներկայացումից մի հատված։
Ամփոփիչ խոսքով հանդես եկան ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Նաթան Օսթինը և ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը։ Եվս մեկ անգամ արժևորելով համագործակցությունն այս ոլորտում՝ նրանք դիտարկեցին նաև արտթերապիայի դասընթացների շարունակականության հեռանկարներն ու հնարավորությունները։ Դասընթացն ավարտվեց հավաստագրերի հանձնման արարողությամբ՝ ջերմ և ստեղծագործ մթնոլորտում։
29.04.2024