2024թ․ հունիսի 27-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ 2023թ-ի ընթացքում Կենտրոնի մասնագետների կողմից մշակված ուսումնամեթոդական ձեռնարկների, ուղեցույցների, բովանդակային մշակումների շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՀՊՄՀ-ի, ԿԶՆԱԿ հիմնադրամի, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, ուսումնական հաստատությունների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և, իհարկե, հրատարակությունների հեղինակները։
Ներկաներին ողջունեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։ Շնորհավորելով ՀՄԿ-ին նոր հրատարակությունների շնորհանդեսի առթիվ՝ նա ընդգծեց նման ձեռնարկների և հարմարեցումների անհրաժեշտությունը համընդհանուր ներառականության գործընթացում, կարևորեց բոլոր երեխաների կրթական կարիքներին թիրախային արձագանքումն ու նպատակային աշխատանքն այս ուղղությամբ՝ հղում անելով Հանրակրթության պետական չափորոշչին։
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը, արժևորելով Կենտրոնի գործունեությունը համընդհանուր ներառական կրթության տարբեր գործընթացների ու աշխատանքների համակարգման առումով, մարտահրավերային համարեց ավելի քան 22 անուն ձեռնարկների ու մեթոդական ուղեցույցների մշակումն ու հրատարակումը։ Նա կարևորեց այն, որ ձեռնարկները բազմաբովանդակ են, տարբեր խնդիրների են անդրադառնում, և այդ շարքում մեծ տեղ են զբաղեցնում նաև առարկայական ուսումնական նյութերի հարմարեցումները, որոնք հիմնված են ուսուցման համընդհանուր ձևավորման սկզբունքի վրա։ «Հրատարակությունների առկայությունը և դրանց կիրառումը ուսումնական գործընթացում նոր որակ կհաղորդեն կրթությանը՝ համալրելով նաև տարբեր ուսումնական հաստատություններում աշխատող գործընկերների մասնագիտական գրադարանը»,- նշեց ՀՄԿ տնօրենը։
Այնուհետև հրատարակությունների հեղինակները հակիրճ ներկայացրին մշակված ձեռնարկների կառուցվածքը, բովանդակությունը, խոսեցին դրանցով աշխատելու առանձնահատկությունների և առաջարկվող մեթոդների բազմազանության մասին։ Իսկ հարմարեցված աշխատանքային գիրք-տետրերի ներկայացման գործընթացը զուգակցվեց գործնական առաջադրանքներով, ակտիվ քննարկումներով և մասնակիցների օգտակար դիտարկումներով։
ՀՄԿ հրատարակությունների էլեկտրոնային տարբերակներն արդեն հասանելի են ՀՄԿ կայքում հետևյալ հղումով
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հրատարակություններից օգտվելիս խնդրում ենք պահպանել հեղինակային իրավունքը՝ հղում կատարելով www.hmk.am կայքին։
01.07.2024