Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում շարունակվում են սեմինարները, որոնց ընթացքում տարբեր միջազգային ծրագրերի մասնակցած ՀՄԿ մասնագետները գործընկերների հետ կիսվում են այլ երկրների առաջավոր փորձով և տեղեկատվությամբ։
2024թ․ օգոստոսի 27-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում անցկացվեց սեմինար-հանդիպում, որը միտված էր «Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համագործակցության շրջանակում ՀՀ կրթության ոլորտի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի Ֆինլանդիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերած գիտելիքների և կուտակած փորձի փոխանցմանը։
Բանախոսներն էին ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը և Գնահատման բաժնի պետ Լիանա Մարգարյանը, ովքեր Կենտրոնի մասնագետների հետ կիսվեցին տպավորություններով, հանգամանալիորեն խոսեցին այցելության ընթացքում ձեռք բերած հմտությունների, գիտելիքների, փորձի, ֆիննական ուսումնական ծրագրի բովանդակության մասին՝ այդ բովանդակության մեջ կարևորելով կրթության բոլոր օղակներով անցնող վստահության շղթան և մատչելիությունը՝ որպես հիմնարար գործոններ։
Նրանք ներկայացրեցին ֆիննական կրթության կազմակերպման և իրականացման գործընթացի հիմնական ռազմավարությունները, կրթության ոլորտում իրականացվող քայլերն ու քաղաքականությունը, յուրաքանչյուր դպրոցի ներառական կրթության կազմակերպման առանձնահատկությունները, պատմեցին Ֆինլանդիայի տարբեր տարածաշրջանների դպրոցներում կրթական ծրագրերի ղեկավարների, տնօրենների և մանկավարժական աշխատողների հետ հանդիպումների մասին, որոնց ընթացքում հնարավորություն է ստեղծվել գործնականում ուսումնասիրելու դասապրոցեսի կազմակերպումն ու իրականացումը այն դասարաններում, որոնցում ընդգրկված են տարբեր կարողություններ և զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներ։
Սեմինար-հանդիպումը հագեցած էր և ուղեկցվում էր բուռն քննարկումներով։ Մասնակիցներին հետաքրքրում էին ֆիննական կրթության նորարարական գաղափարներն ու տեխնոլոգիաները, որոնք տեղայնացնելով և կիրառելով հետագա աշխատանքային գործունեության ընթացքում՝ կնպաստեն մասնագիտական հմտությունների կատարելագործմանը, համընդհանուր մատչելի կրթության որակի և արդյունավետության բարձրացմանը։
29.08.2024