Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում մեկնարկել է սեմինարների շարք, որի ընթացքում ՀՄԿ մասնագետները, ովքեր մասնակցել են միջազգային ծրագրերին, գործընկերների հետ կիսվում են իրենց ձեռք բերած գիտելիքներով, տարբեր երկրների առաջավոր փորձով և տեղեկատվությամբ։
ՀՄԿ Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի վերապատրաստող մասնագետ, սուրդոմանկավարժ Շուշանիկ Դումիկյանը 2023-2024թթ. մասնակցել է ԱՄՆ-ի Պերկինսի կույրերի դպրոցի կրթական առաջնորդության ծրագրի շրջանակում իրականացվող 9-ամսյա վերապատրաստման դասընթացին՝ ուսանելով ԱՄՆ-ի Վոթերթաուն քաղաքում գտնվող Պերկինսի կույրերի դպրոցում։
2024թ․ օգոստոսի 26-ին ՀՄԿ-ում անցկացվեց «ԱՄՆ-ի Պերկինսի կույրերի դպրոցի կրթական առաջնորդության ծրագրի շրջանակներում /Educational lidership program/ իրականացված գործունեությունը» թեմայով սեմինար, որի ընթացքում Շուշանիկը գործընկերներին ներկայացրեց դասընթացի ժամանակ ձեռք բերված փորձը, անդրադարձավ Պերկինսի կույրերի դպրոցի կրթական ծրագրի կառուցվածքին, գործունեությանը, կիսվեց տարբեր պետություններից ժամանած մասնակիցների հետ ծանոթության տպավորություններով։
Սեմինարի մասնակիցները տեղեկատվություն ստացան առաջնորդության ծրագրի, նրա կառուցվածքի ու բովանդակության վերաբերյալ, իրազեկվեցին կույրերի և կույր-խուլերի՝ կենցաղային մակարդակում ունեցած դժվարությունների, դրանց հաղթահարման ուղիների ու եղանակների, ապրումակցման կարողությունը զարգացնելու, ինչպես նաև «Shark tank» ծրագրի մասին, որի շրջանակում նախատեսվում է մեր գործընկերոջ կողմից մշակված «Հաղորդակցման հմտությունների զարգացումը նախադպրոցական տարիքի բարդ և բազմակի խնդիրներ ունեցող երեխաների մոտ» թեմայով վերապատրաստումներ իրականացնել Հայաստանում։
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին տարբեր հարմարեցված նյութեր, այլընտրանքային հաղորդակցման սարքեր և դրանց օգտագործման ձևերը, ինչպես նաև մի շարք ձեռնարկներ, որոնք կօգնեն մասնագետներին զարգացնել իրենց ունեցած գործիքները և կատարելագործել մասնագիտական հմտությունները։
28.08.2024