«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՍՈՎՈՐՈՂ ԿԱՐԵՎՈՐ Է ԵՎ ԿԱՐԵՎՈՐ Է ՀԱՎԱՍԱՐԱՊԵՍ»
Ներառման և արդարության սկզբունքները ենթադրում են ոչ միայն կրթության հասանելիության ապահովում, այլ նաև որակյալ ուսումնական տարածքներ և արդյունավետ մանկավարժական մոտեցումներ, որոնք բոլոր սովորողներին հնարավորություն կտան զարգանալ, ընկալել իրականությունը, ինչպես նաև իրացնել իրենց հմտությունները կյանքում։
Հայաստանում տարբեր կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունները, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից շարունակական մշտադիտարկման արդյունքները վկայում են այն մասին, որ 3-րդ, 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաները չնայած գրանցված են դպրոցներում, սակայն նրանց մեծ մասը հիմնականում չեն հաճախում դպրոց և, ըստ այդմ, նրանց կրթության իրավունքը լիարժեք չի իրացվում։ Տնային ուսուցման մոտեցումը ևս ակամա մեկուսացնում է երեխաներին և զրկում նրանց դպրոցական միջավայրում սոցիալականացվելու առավելություններից:
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան և «Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացնում են «Ռեսուրս-դասարան» փորձարարական նախագիծը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում, այդ թվում տնային ուսուցման պայմաններում սովորող մտավոր (ինտելեկտուալ) խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ, 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաների կրթության իրավունքի իրացմանը։
Այս փորձարարական ծրագիրն առաջարկում է համապարփակ աջակցություն՝ հիմնված 3-րդ, 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաների բազմազան կարիքների վրա, ինչը կօգնի նրանց հաջողել այն հիմնական դասարաններում, որտեղ նրանք գրանցված են որպես սովորող: Այս սովորողների ներգրավվածությունը իրենց հիմնական դասարաններում կարող է իրականացվել աստիճանաբար՝ հասցնելով այն տվյալ սովորողի համար հնարավոր առավելագույն շեմին։
Ծրագրում ներգրավված յուրաքանչյուր ռեսուրս-դասարանի համար մշակվում է ուսումնական պլան, որի հիմնական նպատակն է նպաստել սովորողների ակտիվության, ներգրավվածության և սոցիալականացման բարձրացմանը, իսկ ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր երեխայի համար մշակվում է անհատական ուսուցման պլան: Բացի այդ, կիրառվելու են խելամիտ հարմարեցումներ՝ աջակցող սարքեր և տեխնոլոգիաներ, հարմարեցված նյութեր և ուսուցման մասնագիտացված ռազմավարություններ՝ ուսուցման բովանդակությունը և փորձառությունը սովորողներին ավելի մատչելի դարձնելու համար: Ուսուցման ընթացքում կշեշտադրվեն այնպիսի ուղղությունները, ինչպիսիք են գնահատումը, անհատական ուսուցման պլանավորումը, ընտանիքի ներգրավվածությունը, արդյունավետ ուսուցման ռազմավարությունները և աջակցող տեխնոլոգիաների կիրառումը։
Փորձարարական ծրագիրն իրականացվելու է 2024-2025 ուսումնական տարում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20, Դավիթ Սարապյանի անվան թիվ 100 և Գյումրու Վահան Տերյանի անվան թիվ 15 հիմնական դպրոցներում։
08.10.2024